Իսպանիայում մոլեգնող հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ լքել են իրենց տները

16:17 • 31.08.12

Իսպանիայի հարավում մոլեգնող ուժեղ անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները, հայտնում է Euromag-ը` վկայակոչելով` BBC-ին:

 

Հրդեհներն արդեն մոտեցել են հանրահայտ Մարբելյա հանգստյան գոտու Կոստա դել Սոլ ափին, ինչի հետևանքով մեծ թվով զբոսաշրջիկներ լքել են իրենց հյուրանոցները:

 

Հրդեհաշիջման նպատակով այժմ դեպքի վայր են ուղարկվել հարյուրավոր հրշեջներ և մի քանի տասնյակ ավիատեխնիկա: Սակայն նրանց գործը բարդացնում են անբարենպաստ եղանակային պայմանները, մասնավորապես` ուժեղ քամին, որը մեծ արագությամբ տարածում է կրակը:

 

Մոտ 2 ամիս Իսպանիայում շարունակվող անտառային հրդեհները  4 մարդու մահվան պատճառ են դարձել:
Ընդհանուր առմամբ այս ամառ գրանցված  ռեկորդային բարձր ջերմաստիճանն աղետալի հրդեհների պատճառ է դարձել նաև Իտալիայում և Հունաստանում, որտեղ կրակի զոհ է դարձել ցանքատարածությունների զգալի մասը: