Նյու Յորքում մեկնարկել են Դոմինիկ Ստրոս Կանի մասին ֆիլմի նկարահանումները
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանի բուռն, վերելքներով ու վայրէջքներով լի կյանքի մասին պատմող ֆիլմի նկարահանումներն արդեն սկսվել են, գրում է The Guardian-ը:
Ֆիլմի ռեժիսոր Աբել Ֆերարան նշել է, որ սցենարը դեռևս ավարտին հասցված չէ, վերնագիրը նույնպես անորոշ է: Սակայն այս հանգամանքը չի խանգարում, որպեսզի ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվեն:
Դրանք մեկնարկել են Նյու Յորքում, սակայն որոշ դրվագներ ծրագրված է նկարահանել նաև Վաշինգտոնում և Փարիզում:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ֆիլմում Ստրոս Կանին կմարմնավորի հանրահայտ Ժերար Դեպարդիեն, իսկ ինչ վերաբերում է նրա կնոջ` լրագրող Էն Սինքլարի դերակատարուհուն, ապա այն կստանձնի ոչ պակաս սիրված դերասանուհի Իզաբել Աջանին:
Նախքան դա, նույն թեմայով լույս են տեսել մի քանի գրքեր, նույնիսկ թատերական ներկայացում է բեմադրվել:
Այժմ Ստրոս Կանի դեմ Նյու Յորքի քաղաքացիական դատարանը մեղադրանք է ներկայացրել` քաղաքի հյուրանոցներից մեկում ներգաղթյալ սպասուհի Նուֆիսատու Դիալոյին բռնաբարելու համար:










