Մարգարեթ Թետչերի զգեստներն աճուրդի կհանվեն

09:45 • 31.08.12

Անցյալ դարի ամենաազդեցիկ կին քաղաքական գործիչներից մեկի` Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի` 1970-ական թվականներին կրած զգեստներից 7-ը գալիք երկուշաբթի վաճառքի կհանվեն Christie’s աճուրդում, գրում է The Guardian-ը:

 

«Աճուրդի հանելով հենց 1970-ական թվականներին կրած Թետչերի զգեստները` մենք երկու նպատակ ենք հետապնդել: Նախ շահագրգռել այն գնորդներին, ովքեր Թետչերի երկրպագուներն են, երկրորդ` նրանց, ովքեր հետաքրքրված են նորաձևությամբ: Բացի այդ, մեր ընտրած զգեստները վկայում են այն մասին, թե Թետչերն ինչպիսի նրբագեղությամբ էր հագնվում: Նա լավ գիտեր ճիշտ տպավորություն գործելու ձևը»,- նշել է Christie’s-ի ներկայացուցիչ Նիքլաս Մատինյուն:

 

Վաճառքի հանվելիք բոլոր զգեստները Թետչերը կրել է  Կրթության նախարար եղած ժամանակ: Հագուստների նախնական գները տատանվում են 1 000-1 500 ֆունտ սթերլինգի միջև: