Մենք առնում ենք պոռնիկներին՝ իրենք վաճառվել են. բողոքի ակցիա ընդդեմ Հունգարիայի (լուսանկարներ, տեսանյութ)
Հունգարացիները պոռնիկների նման վաճառվել են ադրբեջանցիներին և նրանք արժանի են անարգանքի. այս մասին այսօր Հունգարիայի հյուպատոսարանի մոտ հայտարարեցին «Հայազն» միության երիտասարդ ակտիվիստները, բլոգերները, և այն քաղաքացիները, ովքեր միացել էին կազմակերպված բողոքի ակցիան, իրենց բողոքի ձայնը բարձրացնելով Հունգարիայի իշխանությունների կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին պաշտոնական Բաքվին հանձնելու որոշման դեմ:
«Բոլորս առնում ենք պոռնիկներին, կոպեկներ ենք շպրտում նրանց ուղղությամբ, և այրում նրանց դրոշը, սրանք դրան են արժանի»,- հայտարարեցին հայ երիտասարդներն ու մետաղադրամներ նետելով Հունգարիայի դրոշի վրա՝ այրեցին այն, ապա, պարզապես, թքեցին այդ երկրի դրոշի վրա:
Մինչ Հունգարիայի հյուպատոսարանի մոտ տեղի էր ունենում նշված ակցիան, երիտասարդներն իրենց բողոքի նոտան հղեցին նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությանը:
ԱԳ նախարարության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հավաքվածները հանդես եկան հայտարարությամբ, որում դատապարտեցին Հունգարիայի կառավարության անարդարացի քայլը:
Վերջիններս ողջունեցին Հայաստանի Հանրապետության իշխանության որոշումը՝ խզել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:
«ՆԱՏՕ-ն նույնպես իր պատասխանատվությունն ունի, և ՆԱՏՕ-ի հետ էլ մեր քայլերը պետք է որոշակիացվեն, ընդհուպ մինչև հայ խաղաղապահներին հետ կանչելը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայազն» միության ներկայացուցիչ, այսօրվա բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Արմեն Աղայանը:
Նշենք նաև, որ մինչ բողոքի ակցիայի սկսվելը, արտգործնախարարություն ժամանեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարի 19-ին կացնի 16 հարված է հասցրել և սպանել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում իր հետ Հունգարիայում անգլերեն լեզվի կատարելագործման կուրսերին մասնակցող հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին:
Բուդապեշտի քաղաքային դատարանը այս գործով դատավճիռը կայացրել է 2006թ. ապրիլի 13-ին: Սաֆարովը դատապարտվել է ցմահ բանտարկության, առանց առաջին 30 տարիներին համաներման իրավունքի:
Ադրբեջանին արտահանձնելուց հետո, սակայն, Իլհամ Ալիևը ներում էր շնորհել մարդասպանին:
Միջադեպի կապակցությամբ երեկ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, երկրի Պետդեպարտամենտը և կոնգրեսականներ դատապարտել էին այդ որոշումը և բացատրություն պահանջել թե Ադրբեջանի, թե Հունգարիայի իշխանություններին:
Լուսանկարները՝ PanArmenian Photo-ի և Armenpress-ի










