Բրահիմին պաշտոնապես դարձել է ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդը

17:18 • 01.09.12

Ալժիրի ԱԳՆ-ի նախկին ղեկավար Լախդար Բրահիմին պաշտոնապես ստանձնել է ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի՝ Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդի պաշտոնը և անցել է իր պարտականությունների կատարմանը, տեղեկացնում է Interfax-ը:

 

78-ամյա Բրահիմին ՄԱԿ-ում աշխատելու մեծ փորձ ունի: 2001-ի սեպտեմբերի 11-ից հետո նա առաքելությամբ հանդես է եկել Աֆղանստանում, 2004-ին՝ որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ նպաստել է Իրաքում կառավարության ձևավորմանը: 

 

Բրահիմին, այս կերպ, նույն պաշտոնում փոխարինել է Քոֆի Անանին, որը օգոստոսի 2-ին իր առաքելության ժամկետի լրանալուց հետո հրաժարվել էր երկարաձգել պաշտոնավարությունը: Անանը իր որոշումը պատճառաբանել էր նրանով, որ Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորման իր ծրագիրը չի իրագործվում: