Չեն գործում ադրբեջանական մի քանի կայքեր, հայկական մի քանի կայք էլ դժվարությամբ է բացվում
Ժամը 16. 30-ի դրությամբ չեն բացվում մի քանի խոշոր ադրբեջանական կայքեր՝ 1news.az., apa.az, vesti.az, musavat.com, ինչպես նաև նախագահ Ալիևի պաշտոնական կայքը: Փոխարենը հայաստանյան մեկ-երկու կայքեր դժվարությամբ ենն բացվում: Նրանց թվում՝ «Արմենպրեսը», որն արդեն իսկ հայտնել է, որ ենթարկվում է DDOS հարձակումների և Panorama.am –ը, որը դժվարությամբ է բացվում:
Մեզ հետ զրույցում «Արմենպրեսս»-ի տնօրեն Արամ Անանյանն ասաց, որ կարճ ժամանակահատվածում հարձակումները կասեցվել են, և այժմ կայքը բնականոն գործում է:
Հիշեցնենք, որ երեկվանից Ռամիլ Սաֆարովի ազատման հետևանքով հայերի և ադրբեջանցիների միջև լրատվական նյութերի տակ մեկբանությունների, սոցիալական ցանցերում քարոզչական և հակաքարոչական պատերազմ է ընթանում: Մասնավորապես, ադրբեջանցիները վիրավորական և հայհոյախառն մեկնաբանություններ են թողնում հայկական կայքերի նյութերի տակ:
Տեղեկատվական տեխնալոգիաների անվտանգության գծով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այս պահին դժվարանում է պատասխանել՝ խոսքը փոխադարձ DDOS կամ համակարգչային այլ հարձակումների մասին է, թե ոչ, բայց Tert.am –ին ասաց, որ ինչ-որ բան հաստատ կատարվում է:
«Տպավորություն կա, որ երկկողմանի DDOS է, հաշվի առնելով, որ ադրբեջանական կայքերից մի քանիսը մեկ կան, մեկ չկան, գնում, գալիս են, սա շատ նման է DDOS-ի: Բայց թե մեր կողմից ով է անում, դա շատ հետաքրքիր է, որովհետև ծանոթների մեջ չկան (ծիծաղում է ) »,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Նա տեղեկացրեց, որ Ադրբեջանը փակել է Facebook-ի էջերի իր պատերը Հայաստանի համար: Որ դա միայն Հայաստանի համար է, փորձագետը համոզվել է՝ անոնիմայզեր միացնելով ու ուրիշ երկրների IP-ներով այդ կայքերը մտնելով:










