Արտաշես Գեղամյանը երեք նախագահներին համախմբվելու կոչ է անում
«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ, ԱԺ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու և նրան ներում շնորհելու կապակցությամբ հորդոր-խնդրանքով դիմում է ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի վերջիններս ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ, անկախ միմյանց նկատմամբ վերաբերմունքից, հանդես գան հայտարարությամբ: Այս մասին Tert.am-ին հայտնեց Արտաշես Գեղամյանը:
«Որովհետև թե՛ Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի ներդրումը Արցախի ազատագրման գործում ուրանալ չի կարելի: Եվ այս առումով, ժամն է համախմբվելու, մեր վճռական խոսքն ասելու: Օտար ուժերը չպետք է օգտվեն առիթից և գոյություն ունեցող անհամաձայնությունների մեջ սողոսկելով՝ փորձեն ազգը ներսից պառակտել»,- հայտարարեց Արտաշես Գեղամյանը:
Նա նշեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը գնահատել է իբրև կոնսոլիդացնող և ազդեցիկ ելույթ. «Օտարը պետք է հասկանա, որ կան հարցեր, որոնց դեպքում հայն իր շահերը մի կողմ է դնում և համախմբվում պետական շահի շուրջ: Երբ հայ մարդու ողջ գենետիկ կոդը միավորվում է, մեր ազգը դառնում է անպարտելի»,- ասաց ԱՄ նախագահը:
Ի դեպ, Արտաշես Գեղամյանն ասաց, որ քաջատեղյակ է «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի երեկ տարածած հայտարարությանը: https://www.tert.am/am/news/2012/08/31/hak-statement-safarov/
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ն իր երեկվա հայտարարությամբ մեղադրել էր Հայաստանի իշխանություններին՝ ոչ համարժեք գործելու մեջ։
Չի բացառվում, որ մինչև ԱԺ հերթական նստաշրջանի սկսվելը, այս դեպքերի առնչությամբ ԱԺ արտահերթ նիստ հրավիրվի, որը կընդունի Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձև:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Tert.am –ի հետ զրույցում չբացառեց ԱԺ արտահերթի հրավիրումն ու ասաց. «Դեռևս չենք որոշել, կարևորը ձևը չէ, այլ բովանդակությունը, մենք հիմա մեկնում ենք Ղարաբաղ, կգանք, երկուշաբթի կորոշենք»:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Արցախ է մեկնել Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը:
Արտաշես Գեղամյանը վստահ է, որ ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի, հիշեցնելով երեկ նախագահ Սարգսյանի՝ Ազգային անվտանգության խորհրդի նիստում հնչեցրած խոսքը, թե անհրաժեշտ է գումարել ԱԺ արտահերթ նիստ:
«Եվ մենք պետք է սրբորեն կատարենք այդ առաջարկը, մանրակրկիտ վերլուծելով ոչ միայն այս փաստը, այլև առաջիկա աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները»,- ասաց Արտաշես Գեղամյանը:
Հունգարիայի դատարանի կողմից մարդասպանության համար ցմահ դատապարտված հանցագործին ներում շնորհելն ինչպե՞ս կանդրադառնա այդ երկրի միջազգային վարկանիշի վրա հարցին, Արտաշես Գեղամյանը ձեռնպահ մնաց պատասխանել, որպեսզի կանխավ ինչ-որ բան ասելով՝ ադրբեջանցիներին չիրազեկի մեր դիրքորոշումներն ու տեսակետները:










