Բուդապեշտը Ռամիլ Սաֆարովին «վաճառեց» Բաքվին, և որևէ արդարացում չկա. ՀՀ Հանրային խորհուրդ

16:42 • 01.09.12

ՀՀ Հանրային խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ Ադրբեջանի զինված ուժերի սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան տեղափոխելու վերաբերյալ:

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.


«ՀՀ Հանրային խորհուրդը խստորեն դատապարտում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004 թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան տեղափոխման փաստը:

 


Ակնհայտ է, որ Բուդապեշտը Ռամիլ Սաֆարովին «վաճառեց» Բաքվին, և որևէ արդարացում կամ հայտարարություն հունգարական իշխանությունների կողմից, չի կարող վերախմբագրել այդ փաստը:

 


Հունգարիայի իշխանություններն այս քայլով հիմք տվեցին հայ հասարակությանը թերահավատորեն վերաբերել համամարդկային արժեքներ քարոզող եվրոպական ընտանիքին և դրան միանալու իր որդեգրած ուղուն, քանի որ այդ ընտանիքի անդամ պետություններից մեկը բացահայտորեն ոտնահարում է իր իսկ դավանած սկզբունքները:

 


Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա առաջին հերթին լրջորեն մտահոգվելու առիթ ունի ադրբեջանական հանրությունը, քանի որ պետական մակարդակով հերոսացվում և ժողովրդին է հրամցվում մի կերպար, որը ոչ այլ ինչ է, քան սովորական հանցագործ` ընդունակ կացնահարելու քնած մարդուն:

 


Սա վկայում է ադրբեջանական պետական մտածողության վայրի ու կենդանական լինելու մասին, մտածողություն, որտեղ բացակայում է համամարդկային արժեքների որևէ նշույլ: Ցանկացած սթափ և առողջ դատողություն ունեցող ադրբեջանցի չի կարող դա ընդունել:


Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները, ստեղծելով, խրախուսելով և տեր կանգնելով «ռամիլսաֆարովներին», ապացուցում են, որ ընդունակ են ամենաանհավանական հանցանքներին, և դրա վտանգը պետք է գիտակցի ոչ միայն Հայաստանը, այլև միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունը:

 


Մենք ուշադրությամբ կհետևենք միջազգային հանրության արձագանքին, որը, հուսով ենք, համահունչ չի լինի հունգարական իշխանությունների կատարած հակաբնական և հակաքաղաքակիրթ քայլին»,- ասված է ՀՀ Հանրային խորհրդի տարածած հայտարարության մեջ: