ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած ՀՀ պատվիրակությունը ժամանել է Ստեփանակերտ

20:28 • 01.09.12

Սեպտեմբերի 1-ին Հայատանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը ժամանել է Ստեփանակերտ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով:

 

Այս մասին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:


Նույն օրը ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարգևատրվել է Մեսրոպ Մաշտոց շքանշանով:

 


Շնորհավորելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ԼՂՀ պետական բարձր պարգեւին արժանանալու համար` Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ որպես Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ, այսուհետ ևս պատրաստ է իր բոլոր ջանքերն ուղղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը և նրա հզորացմանը:

 


ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ ԱԺ նախագահը և պատվիրակության անդամները մասնակցել են ԼՂՀ անկախության հռչակման 21-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնական համերգին: