Հունգարիայի արարքը անբարոյականություն է. հունգարացի հայագետ (տեսանյութ)

14:08 • 01.09.12

Հունգարացի հայագետ Բենեդեկ Զիգմոնդը անբարոյականություն է համարում Հունգարիայի կառավարության քայլը, որով այդ երկիրը Ադրբեջանին հանձնեց 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին:


«Ծնունդով հունգարացի եմ և արդեն ինքս ինձ հայ համարող հայագետ եմ: Երեկ, երբ լսեցի այդ լուրը՝ ցնցվեցի: Ես ներողություն եմ խնդրում հայ ժողովրդից, հատկապես, Գուրգեն Մարգարյանի ծնողներից, ես ներողություն եմ խնդրում իմ և Հունգարիայի անունից»,- ասաց Բենեդեկ Զիգմոնդը, նշելով, որ առաջիկայում ինքը հայտարարությամբ է հանդես գալու, որում նույնպես կդատապարտի կատարվածը:


Հունգարացու խոսքով՝ վերջին քսան տարիներին Հունգարիան իրեն նման խայտառակություն թույլ չէր տվել. «Հունգարիան իր անկախացումից հետո նման կոպիտ սխալ երբեք թույլ չի տվել, ինչպես եղավ այս դեպքում: Այս դեպքը Հունգարիայի դիվանագիտության պատմության մեծագույն սխալն եմ համարում»,- հայտարարեց հունգարացի Բենեդեկ Զիգմոնդը:


Հիշեցնենք, որ 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնի 16 հարվածներով սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը Հունգարիայի դատարանի կողմից դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ առանց ներման իրավունքի: Սակայն երեկ, օգոստոսի 31-ին, Հունգարիայի կառավարությունը ադրբեջանցի մարդասպանին հանձնեց Բաքվի իշխանություններին, որից հետո այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը մարդասպան Սաֆարովին ներում շնորհեց: Ավելին, մարդասպանին տրվել է անգամ մայորի կոչում:



Հիշեցնենք նաև, որ Հունգարիայի իշխանության վերոնշյալ քայլից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նախ հրավիրեց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ, որից նախագահական նստավայր հրավիրվեցին Հայաստանում հավատարմագրված դեսպանները: Հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը հայտարարեց Հայաստանի՝ Հունգարիայի հետ դիվանագիտական կապերի խզման մասին: