Սեպտեմբերի 1-ը Մարկ Սաղաթելյանի համար կրկնակի տոն է. նա սկսել է քայլել

16:20 • 01.09.12

Հաղորդավար Մարկ Սաղաթելյանի համար այս տարվա սեպտեմբերի 1-ը դարձավ կրկնակի տոն. այսօր նա՝ մոտ, 2,5 ամիս առաջ տեղի ունեցած վթարից հետո առաջին անգամ ոտքի է կանգնել:


Այս մասին Մարկ Սաղաթելյանը գրում է ֆեյսբուքյան իր էջում:  Հիշեցնենք, որ Երևանում հունիսի 21-ին Սաղաթելյանը Երևանի Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում ավտովթարի էր ենթարկվել «Թաթա պրոդաքշն» ընկերության նախագահ, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ և պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի հետ, ովքեր Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի Հերացի հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունք էին տեղափոխվել լուրջ վնասվածքներով, իսկ հետագայում ենթարկվել մի քանի վիրահատությունների:


«Սիրելի ընկերներ, ծանոթներ, հարազատներ, իսկական երջանկություն է, որ դուք կաք: Շնորհակալություն բարեմաղթանքների և, իհարկե, այն աջակցության համար, որ ցուցաբերեցիք այս 2,5 ամիսների ընթացքում: Այսօր առաջին անգամ վթարից հետո ես ոտքի կանգնեցի: Նորից վերածնված մարդու անասելի զգացում»,-գրառել է Մարկ Սաղաթելյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելով հասարակական աջակցության համար: