ՆԱՏՕ-ն պարտավոր է հետամուտ լինել իր կուրսանտի՝ Գուրգեն Մարգարյանի սպանության արդար դատին. ՀՅԴ

17:12 • 01.09.12

«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները տարածել են հայտարարություն, որում քանդատելով Հունգարիայի կողմից մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու փաստը, կոչ է անում ՆԱՏՕ-ին՝ հանդես գալ հստակ դիրքորոշմամբ, որի ուսումնական կենտրոնում կատարվեց ոճրագործությունը:



Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.


«Այսօր ամբողջ հայ հասարակությունը ցնցված է ադրբեջանցի մարդասպանի որևէ իրավական նորմ չհարգած արտահանձման և անմիջապես ազատ արձակման փաստից:

 

Հ.Յ.Դ. Հայաստանի Երիտասարդական և Ուսանողական միությունները, կիսելով հասարակության արդար բողոքը և զայրույթը, կոչ են անում հստակ դիրքորոշմամբ հանդես գալ ռազմական այն դաշինքին, որի ուսումնական կենտրոնում կատարվեց ոճրագործությունը, որի ծրագրերին հետևելու և հետագայում ռազմական ծրագրերին մասնակցելու համար էին գործուղվել Բուդապեշտ ադրբեջանցի ոճրագործն ու զոհված հայ սպան:

 

 

ՆԱՏՕ-ի հստակ դիրքորոշման պահանջը պետք է ներկայացնենք սեպտեմբերի 5-6-ին Հայաստան և Ադրբեջան այցելող ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենին:

 

Աշխարհում անվտանգության հաստատման համար ստեղծված կառույցը պարտավոր էր և պարտավոր է հետամուտ լինել իր իսկ դասընթացների ժամանակ, իր իսկ կուրսանտի սպանության արդար դատին:

 


Միասնական շարքերով ներկայացնենք մեր պահանջները՝
1. Ն.Ա.Տ.Օ. –ի կողմից քաղաքական կոշտ դիրքորոշում Հունգարայի և Ադրբեջանի նկատմամբ,
2. կառույցում քննարկել Ն.Ա.Տ.Օ. անդամ Հունգարիայի դիրքորոշումը, գործարքը Ադրբեջանի հետ,
3. դադարացնել Ադրբեջանի հետ Ն.Ա.Տ.Օ. Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագիրը,
4. պահանջել Ն.Ա.Տ.Օ.¬ի հայազգի կուրսանտի մարդասպանի դատավճռի ամբողջական իրականացումը»,- գրված է հայտարարության մեջ: