Մեր հերոս երեխաները թող դպրոց հաճախեն խաղաղ երկնքի տակ. Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ

23:29 • 01.09.12

Նոր ուսումնական տարվա սկիզբը՝ Գիտելիքի օրը, տոնական են դիմավորել նաև Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, որտեղ սեպտեմբերի 1-ին առաջին դասարան հաճախեց 12 աշակերտ:

Չնայած անձրևոտ եղանակին՝ գյուղի դպրոցի բակը մարդաշատ էր: Առաջին դասարանցիներին ողջունելու էր եկել նաև գյուղապետ Մանվել Կամենդատյանը:

«Շնորհավորում եմ բոլորիս ու հպարտ եմ, որ մեր առաջին դասարանում այս տարի ընդունելու ենք 12 աշակերտ, ցանկանում եմ խաղաղություն, նորանոր հաջողություններ, մեր հերոս երեխաներն այս դպրոց թող հաճախեն խաղաղ երկնքի տակ»,- ասաց գյուղապետը:


Ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Իվան Ադամյանը: Նա տեղեկացրեց, որ այս տարի դպրոցում սովորելու է 125 աշակերտ, ապա մաղթեց ուսուցիչներին, որ կարողանան մարմին տալ բոլոր մանուկների երազանքներին:


«Ամեն մի պետություն ունի սահման, սահմանային մեր գոտին պաշտպանում են ոչ միայն մեր զինվորները, այլ այստեղ ծնվող ամեն մի երեխա, ամեն մի առաջին դասարանցի ու Ներքին Կարմիրաղբյուրի ամեն մի բնակիչ: Փորձենք առաջնորդվել այն սկզբունքով, որ ոչ միայն սեպտեմբերի մեկը լինի գիտության տոն, այլև ամբողջ տարին: Մեր պետությունը պետք է խելքի, մտքի զինանոց դառնա յուրաքանչյուր երեխայի համար, քանզի երկրի ապագան խոստումնալից կլինի միայն նման սերունդների ձեռքերում հայտնվելու դեպքում» ,- ասում է դպրոցի տնօրեն Իվան Ադամյանը:


Այնուհետև, դպրոցի տնօրենը գովասանագրեր հանձնեց գերազանց առաջադիմությամբ սովորող դպրոցի 12 աշակերտներին, որից հետո առաջին դասարանցիները տասներկուերորդցիների ուղեկցությամբ մտան դասասենյակ:


«Ամենից շատ ցանկանում եմ, որ գոնե այս սերունդը մեծանա խաղաղության մեջ, թող երեխաների ուսումը չխաթարի ոչ մի կրակոց, թող իրենց դպրոցի ճամփան լինի ուրախ ու անամպ»,- կրտսեր ընկերներին իր մաղթանքները հղեց 12-րդ դասարանի աշակերտուհի Սյուզաննա Իսրայելյանը:

 

 

Լուսանկարները՝ Գոհար Աբրահամյանի