Կենտրոնի փոքրիկների առաջին բաց դասին ներկա է եղել քաղաքապետը

20:11 • 01.09.12

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Մանկական երկաթուղու զբոսայգում Կենտրոն վարչական շրջանի նախաձեռնությամբ կազմակերպված «Առաջին դաս» խորագրով տոնական միջոցառմանը: Կազմակերպիչները հոգացել էին, որ վարչական շրջանի բոլոր առաջին դասարանցիների համար ուսումնական առաջին օրվա երեկոն անցնի յուրօրինակ միջավայրում:


Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Նկարչության փոքրիկ սիրահարներին տրամադրվել էին մոլբերտներ, որոնց վրա նրանցից յուրաքանչյուրը պատկերում էր իր ներաշխարհը: Բազմաթիվ խաղացող ու պարող երեխաների մեջ աչքի էին ընկնում նաև ակվագրիմով փոքրիկները:

Հեքիաթների և մուլտֆիլմերի սիրված հերոսների մասնակցությամբ կազմակերպված ուրախ և անակնկալներով լի միջոցառման շրջանակում փոքրիկներին իրենց կատարումներով ողջունել են նաև մանկական համույթների տաղանդաշատ երեխաները:


Փոքրիկների տոնը լիարժեք դարձնելու նպատակով, կազմակերպիչների նախաձեռնությամբ զբոսայգու բոլոր խաղային ատրակցիոններից օգտվելն անվճար էր ողջ երեկոյի ընթացքում:


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ շրջել է զբոսայգում, զրուցել երեխաների և նրանց ծնողների հետ, ծանոթացել նրանց աշխատանքներին: Օգտվելով առիթից, քաղաքապետը մեկ անգամ ևս շնորհավորել է փոքրիկներին Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: