Հունգարիան դուռ բացեց էթնիկ հողի վրա մարդասպանությունների համար. Սփյուռքի նախարարություն

17:30 • 01.09.12

Հայաստանի Սփյուռքի նախարարությունը դիմել է աշխարհի հայերին` կոչ անելով բողոքի ակցիաներ կազմակերպել Ռամիլ Սաֆարովի արտահանձման դեմ և զանգվածային բողոքի ցույցեր կազմակերպել տվյալ երկրում գտնվող Հունգարիայի դիվանագիտական ներկայացուցչությունների առջև: Ինչպես նաև՝ «պահանջել իրենց բնակության երկրի իշխանություններից, խորհրդարանականներից` ներազդել Ադրբեջանի վրա, չեղյալ հայտարարել ներման խայտառակ հրամանագիրը և հանցագործին վերադարձնել իրեն արժանի խուցը»:

 

Սփյուռքի նախարարությունը 10 միլիոն աշխարհասփյուռ հայությունը նաև կոչ է արել եվրոպական կառույցներից պահանջել պատժամիջոցների կիրառում Հունգարիայի նկատմամբ, Եվրախորհրդարանում` պառլամենտականների միջոցով քննարկման առարկա դարձնելու Ադրբեջանի հետագա անդամակցության հարցը, (քանի որ այդ երկրի նախագահի հերթական անօրինական քայլը հարիր չէ եվրոպական օրենքներին, մարդասիրական արժեհամակարգին և ոգուն) և ԶԼՄ-երի միջոցով դատապարտել Հունգարիայի իշխանությունների ու Ադրբեջանի նախագահի անօրինական գործարքը:

 

Առաջարկվում է նաև, որ հայկական սփյուռքի ներկայացուցիչները դիմեն հունգար ժողովրդի արժանավոր զավակներին, որպեսզի ցույցների, ելույթների, նամակների և այլ ակցիաների միջոցով իրենց  անհամաձայնությունն արտահայտեն իրենց իշխանության որոշմանն ու դատապարտեն այն:

 


«Վիրավորական է, որ հունգարական իշխանությունները ոճրագործին հանձնելիս նույնիսկ չհիշեցին, որ հունգար ժողովրդի կողքին` Հունգարիայի անկախության ու ազատության համար իրենց կյանքն են զոհել և հերոսացել հազարավոր հայեր: Կամ, մի՞թե անցյալում և այսօր էլ հայկական համայնքն իր արժանի ներդրումը չի ունեցել Հունգարիայի զարգացման գործում»,- նշված է հայտարարության մեջ, ուր Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը որակվում է որպես հերթական անգամ Հայաստան պետության և հայ ժողովրդի թիկունքում, այն էլ 21-րդ դարում, նյութված դավ: