Հայ–ադրբեջանական կիբեր-հարձակումները շարունակվում են. հայերը որակական առավելություն ունեն. փորձագետ

17:02 • 02.09.12

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին Հունգարիայում ՆԱՏՕ թրեյնինգի ժամանակ կացնահարելով սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելուց հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված պետական և լրատվական կայքերի վրա կիբեռ-հարձակումները շարունակվում են:


Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում հայ հաքերները Բաքվի ինտերնետային ուղեցույցի մեկ սերվեր են կոտրել, որին միացված են եղել մի շարք ժամանցային կայքեր:


Բացի այդ, նրանց հաջողվել է նաև կոտրել Ադրբեջանի Մշակույթի և տուրիզմի նախարարության պաշտոնական կայքը, ինչպես նաև ադրբեջանական հանրային հեռուստաընկերության` aztv.az կայքը:


«Ընդհանուր առմամբ հայկական կողմը երեկվանից ջարդել է 15-ից 20 կայք, իսկ ադրբեջանցիները մոտ 30, բայց որակական տարբերությունը բավական մեծ է, որովհետև կոտրած կայքերի մեջ մտավ Ադրբեջանի նախագահականը, երկու պետական կայքեր՝ մեկը Արդարադատության նախարարությանը պատկանող կայքն էր, մյուսն էլ այսօր՝ մշակույթի և տուրիզմինը»,-ասաց նա։


Սամվել Մարտիրոսյանն ավելացրեց, որ այս կայքերը երեկվանից դեռևս չեն վերականգնվել:

Ըստ փորձագետի՝ սա միայն վերաբերում է կայքի վրա հարձակումից հետո այնտեղ գրությունների տեղադրելուն: Նշյալ կայքերում, նրա խոսքով, հայկական կողմը տեղադրել է երկու նկար, մեկում պատկերված է Գուրգեն Մարգարյանը, իս մյուսում՝ Մոնթե Մելքոնյանը և ինքը՝ մարդասպան Ռամիլ Սաֆարովը:


Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ համեմատելով երկու երկրների հերոսներին, նկարի տար գրել են. «Ինչպիսին երկիրն է, այնպիսին էլ նրա հերոսներն են»:


ՏՏ փորձագետը նաև նշեց, որ ադրբեջանցիները հայկական կայքերը կոտրելիս տեղադրում են Սաֆարովի նկարը և գրություն, որ նրան ներում է շնորհվել:


Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ բացի այդ գրություններից նաև շարունակվում են  DDoS տեսակի հարձակումները։


«Բայց նաև շարունակվում է DDoS հարձակումները, այսինքն, երբ որ կայքերի վրա հարձակվում են մեծ քանակի համակարգիչներ, և կայքը չի աշխատում և նրա վրա ոչինչ չես կարողանում տեղադրել»,– ասաց նա:


«Այս տեսանկյունից լրատվականների վրա երկկողմանի հարձակումներ եղավ, բայց եթե հայկական կողմից ոչ մի լրատվական կայք չդադարեց աշխատել, ապա ադրբեջանականի դեպքում գրեթե բոլոր հիմնական լրատվականները մի քանի ժամով դուրս ընկան դաշտից»,- ասաց նա և ավելացրեց, որ քիչ առաջ նկատել է, որ արդեն երկկողմ հարձակումներ են սկսվել նաև ինտերնետ ֆորումների վրա:


Սամվել Մարտիրոսյանը նաև ասաց, որ վերջին տարիներին երկկողմ կիբեր- հարձակումներ ժամանակ առ ժամանակ եղել, սակայն ոչ այսպիսի մասշտաբի։
 

Հայ–ադրբեջանական կիբեր-հարձակումները շարունակվում են. հայերը որակական առավելություն ունեն. փորձագետ