Դաշնակահար Հայկ Մելիքյանը չեղյալ է հայտարարում իր հունգարական համերգները

16:23 • 02.09.12

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի՝ Հունգարիայից Ադրբեջան արտահանձնումից հետո դաշնակահար Հայկ Մելիքյանը հրաժարվել է դեպի եվրոպական երկրներ 2012 թ. աշնանային լայնածավալ համերգային ուղևորության շրջանակներում նախատեսված միանգամից երկու մենահամերգներից:


Առաջինը Բուդապեշտում կայանալիք համերգն էր: Այսօր տարածած հաղորդագրությամբ դաշնակահարը նշում է, որ վիրավորված է զգում հունգարական պետության կողմից հայ ազգին ուղղված վերջին ստորացուցիչ քայլից և համարում է, որ համերգի ժամանակ չի կարող անկեղծորեն և լիարժեք ցուցադրել իր հույզերը:


Համերգը պետք է կայանար Բուդապեշտի Moholy-Nagy արվեստի համալսարանի համերգասրահում, հոկտեմբերի 23-ին և ծրագրում պետք է հնչեին հունգարներ կոմպոզիտորներ Բ.Բարտոկի, Գ.Լիգետիի, Դ.Կուրտագի, Ֆ.Ֆարկաշի, ինչպես նաև հայ կոմպոզիտորների` Կոմիտասի, Տ.Մանսուրյանի, Ա.Բաբաջանյանի և Ա.Խաչատրյանի ստեղծագործությունները:


Երկրորդ համերգը «1900+» երևանյան համերգաշարի շրջանակներում կայանալիք համերգն էր, բացառապես հունգարական երաժշտության ծրագրով, որը պետք է տեղի ունենար նոյեմբերին, անմիջապես դաշնակահարի Երևան ժամանելուց հետո:


Համերգը կփոխարինվի, հավանաբար, ամերիկյան երաժշտության ծրագրով, ասվում է հաղորդագրությունում: