Կազանում 2 կանանց սպանած և արյամբ Free Pussy Riot գրած տղամարդը սպառնացել է ինքնասպան լինել

13:59 • 02.09.12

Թաթարստանի մայրաքաղաք Կազանում օրեր առաջ կրկնակի սպանություն կատարած և զոհերի արյամբ պատին Free Pussy Riot գրած հանցագործը սպառնացել է ինքնասպան լինել, հայտնում է Life News-ը:


Դատական նիստից հետո մարդասպան Իգոր Դանիլևսկին, օգտվելով հարմար առիթից, դիմել է մորը` խնդրելով օգնել իրեն ինքնասպանություն գործել: «Մամ, ինձ քնաբեր տուր: Ինչո՞ւ ես պետք է 20 տարի բանտում նստեմ»,- շշուկով ասել է նա:

 

Դատական նիստից հետո նա տեղափոխվել է մեկուսարան, որտեղ կանցկացնի 2 ամիս` մինչ հետաքննության ավարտը:

Դաժան սպանությունը կատարվել էր օգոստոսի 28-ին, որի ժամանակ նա սպանել էր մոր ու դստեր` 76 և 38 տարեկան Ֆարիդա և Լիլիա Զարիպովաներին, այնուհետ նրանց արյամբ տան պատին գրել Free Pussy Riot:


Ինչպես պարզվել է, 38-ամյա Դանիլևսկին դասախոս է, գիտությունների թեկնածու: Նա պատմել է, որ ժամանակին սովորել է Լիլիայի հետ ու ընկերական հարաբերություններ պահպանել: Նա համոզել էր 38-ամյա կնոջը մարել իր վարկերը, ինչի համար կինը բանկից վարկով գումար էր վերցրել:

Իսկ պարտքերը վերադարձնել չկարողանալու պատճառով սկսել է սիրահարի դեր խաղալ ու առաջարկել Լիլիային միասին մեկնել Եգիպտոս:

Սակայն սպանության օրը նա եկել է կնոջ տուն ու ասել, որ մեկնումը հետաձգվում է, ինչի համար նրանք վիճվել են, ու նա դանակահարել է կնոջը, այնուհետ` սենյակ մտած նրա մորը:  Իսկ կասկածները ցրելու և սպանությունը «ծիսական» որակելու համար նա պատին գրել էր Free Pussy Riot: