Վրաց-ռուսական սահմանին սպանվածների մեջ վրաստանաբնակ անձիք են եղել
Վրացական մի շարք ԶԼՄ-ներ կասկածի տակ են դրել երկրի պաշտոնական տեղեկություններն այն մասին, թե վրացական հատուկ ստորաբաժանումների կողմից վրաց-ռուսական սահմանի մոտակայքի Լոպոտա կիրճում իրականացված գործողության հետևանքով սպանված 11 գրոհայինները բացառապես ՌԴ քաղաքացիներ են եղել, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Վրացական ԶԼՄ-ների տեղեկություններով, սպանված 11 անձանցից 6-ը Վրաստանի քաղաքացիներ են և Պանկիսի կիրճի բնակիչներ:
«Կախեթական տեղեկատվական կենտրոն» գործակալությունը մեջբերում է նրանցից 3-ի անունները` Ասլան Մարգոշվիլի, Բագուդի Ալդամով և Բագուդի Բագաքաշվիլի:
Վրաստանի ՆԳՆ-ն կտրականապես մերժում է տեղեկությունները, թե սպանված գրոհայինները եղել են Պանկիսի կիրճից:
Հիշեցնենք, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով, օգոստոսի 29-ին ռուս-վրացական սահմանի դաղստանյան հատվածում իրականացրած հատուկ գործողության հետևանքով զոհվել էր Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ջոկատի երեք և վիրավորվել հինգ ծառայող:
Հատուկ գործողության արդյունքում սպանվել էր 11 գրոհային և 6-ը գերևարվել: Հատուկ գործողությունը իրականացվել էր գյուղում գերեվարված անձանց ազատագրելու նպատակով: Հաղորդվում էր, որ Վրաստանի տարածք էր ներխուժել 20 գրոհային:










