Ադրբեջանը խաբել է Հունգարիային. հրապարակվել է Ադրբեջանի արդարադատության նախարարության նամակը

17:18 • 02.09.12

Հունգարական առցանց MNO հրատարակությունը հրապարակել է Ադրբեջանի արդարադատության նախարարության`  Հունգարիայի արդարադատության նախարարությանն ուղղված պաշտոնական նամակը, որից պարզ է դարձել, որ Ադրբեջանը, փաստորեն, խաբել է Հունգարիային և չի կատարել իր տված հավաստիացումները:


Օգոստոսի 15-ով թվագրված  նամակում Ադրբեջանի արդարադատության փոխնախարար Վիլայաթ Զահիրովը նշել է, որ համաձայն իր երկրի քրեական օրենսգրքի 57.3 հոդվածի` ցմահ ազատազրկվածին կարելի է ներում շնորհել միայն այն դեպքում, եթե նա իր պատժից կրել է առնվազն 25 տարին:


Ըստ նամակի՝ քանի որ 2006թ.-ին ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովը հունգարական բանտում անցկացրել է 6 տարի, նա, համաձայն ադրբեջանական օրենքների, պետք է շարունակեր պատժի կրումն Ադրբեջանում:


Նամակում նշվում է, որ ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու գործընթացը կատարվում է Եվրոպական կոնվենցիայի 9-րդ կետի համաձայն:


Նամակի վերջում Զահիրովը շնորհակալություն է հայտնել հունգարացի իր գործընկերներին համագործակցության համար:


Հիշեցնենք, որ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների մասնակից հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած և 2006թ.-ի ապրիլին ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ էլ նա արժանացել է նախագահ Իլհամ Ալիևի ներմանը: Ադրբեջանի «հերոսն» արժանացել է նաև մայորի կոչման, բնակարանի ու նյութական փոխհատուցման: