Պատերազմի ընթացքում իրար գտած սիրիացի զույգն ամուսնացել է ռմբակոծման ժամանակ

14:19 • 02.09.12

Սիրիայի կառավարական զորքերի կողմից 5 շաբաթից ավելի պաշարման մեջ գտնվող Հալեպի «սրտում» երիտասարդ  զույգ է ամուսնացել` նույնիսկ հաշվի չառնելով այդ պահին իրականացվող ռմբակոծության հանգամանքը, հայտնում է «Ալ Արաբիա»-ն:

 

Հարսանեկան համեստ արարողության մասնակիցները, անտեսելով ռմբակոծման սպառնալիքը, կարողացել են ներկա գտնվել և մի պահ մոռանալ արյունալի հակամարտության մասին:

 

Փեսացուն` ընդդիմադիր ուժերի 20-ամյա դիպուկահար Աբու Խալեդը, առաջին հայացքից սիրահարվել է բուժքույր Հանանին, երբ վնասված ոտքը բուժելու նպատակով դիմել է նրան:

 

Հաշվի առնելով ռազմական լարված իրադրությունը` սիրահարները հարսանեկան հագուստի փոխարեն կրել են քաղաքացիական համեստ շորեր, իսկ երդման արարողությունը տեղի է ունեցել սիրիացի ընդդիմադիրների դրոշի ներքո:

 

Սակայն հարսանեկան արարողության ժամանակ ընդդիմադիր հյուրերը չեն կարողացել զերծ մնալ քաղաքական բնույթի բացականչություններից ու կոչերից` բղավելով.«Ասա'դ, հեռացի'ր, մենք ազատություն ենք ուզում»: