Արա Աբրահամյանը Պուտինից համապատասխան արձագանք կպահանջի

16:50 • 03.09.12

Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այսօր հանդիպում է անցկացրել Մոսկվայում հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը՝ հղում կատարելով Հայկական առաջին ինտերնետ հեռուստաընկերությանը:

 

Աբրահամյանը, մասնավորապես, 2 կարևոր պայման է նշել, որոնք այսուհետ պետք է հայ ժողովրդի ու հայոց պետության հիմքը լինեն`  համախմբվածություն և աշխարհի ցանկացած անկյունում յուրաքանչյուր հայի անվտանգության ապահովում: «Իսկ Հայաստանի հաջորդ քայլը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը», - հավելել է նա:

 

Աբրահամյանը տեղեկացրել է նաև, որ առաջիկա օրերին հանդիպելու է ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ`  ընդհուպ նախագահ Պուտինի, և պահանջելու է համապատասխան արձագանք: Նա իր մտահոգությունն էր հայտնել պաշտոնատար անձանց լռության կապակցությամբ:Ռուսաստանի Հայերի միության նախագահը  նշել է, որ Ռուսաստանը՝ որպես ռազմավարական գործընկեր, պետք է առաջինն արձագանքեր:

 

Աբրահամյանը նկատել է նաև, որ եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դարձած երկրում մարդասպանը «հերոսացվում է», ապա ոչ մի հայ հետագայում երաշխավորված չի լինի նորահայտ «սաֆարովներից»:

 

Աբրահամյանը տեղեկացրել է նաև, որ պատրաստվում է Հունգարիա այցելել և մի շարք հանդիպումներ անցկացնել ընդդիմության, ինչպես նաև իշխանությունների հետ՝ պահանջելու Սաֆարովի արտահանձնման համար պատասխանատու պաշտոնյաների հրաժարականը: