ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը խորհրդակցություն հրավիրեց (լուսանկարներ)

15:08 • 03.09.12

Սեպտեմբերի 5-ին` ժամը 12-ին կհրավիրվի ԱԺ արտահերթ նստաշրջան: Ինչպես տեղեկանում ենք ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից, նման որոշում է կայացվել այսօր՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ:


Ինչպես և նախատեսվում էր ԱԺ արտահերթ նիստի օրակարգում լինելու է 2004 թվականին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ Գուրգեն Մարգարյանին կացնահարած և Հունգարիայի քաղաքային դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու և Ադրբեջանի իշխանությունների կողմից ներում շնորհելու հետ կապված իրավիճակի և ՀՀ ԱԺ-ի կողմից կատարվելիք համապատասխան քայլերի քննարկումը:


Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ փոխնախագահները, ԱԺ խմբակցությունների և մշտական հանձնաժողովների ղեկավարները:


Հովիկ Աբրահամյանը ներկաներին հիշեցրել է, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ի թիվս այլ քայլերի նպատակահարմար է գտել համապատասխան օրակարգով ԱԺ արտահերթ նստաշրջանի հրավիրումը: ԱԺ նախագահի խոսքով` Հունգարիայի և Ադրբեջանի իշխանությունների այս քայլերը հակասում են միջազգային կոնվենցիաներին, պայմանավորված են նեղ շահերով և էական հարված են հասցնում տարածաշրջանում խաղաղության, փոխվստահության հաստատման ջանքերին, բանակցային գործընթացին:


Հովիկ Աբրահամյանը նպատակահարմար է գտել ՀՀ Ազգային Ժողովի կողմից դատապարտող հայտարարություն ընդունելը և այն միջազգային կազմակերպություններին, խորհրդարանական վեհաժողովներին, տարբեր երկրների խորհրդարաններին ուղարկելը:


Խոհրդակցության մասնակիցներն իրենց դատապարտող դիրքորոշումներն են ներկայացրել, մասնավորապես նշելով, որ հարցի առնչությամբ հարկ է դրսևորել միասնական և հետևողական մոտեցում: Որոշվել է խմբակցությունների ներկայացուցուցիչներից ստեղծել աշխատանքային խումբ` ԱԺ հայտարարության նախագիծ կազմելու համար:


Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: