Սաֆարովի միջոցով Ալիևը նախընտրական հարցեր է լուծում. քաղաքագետ
Արցախցի քաղաքագետ Արտակ Բեգլարյանը, այսօր Ստեփանակերտում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ անդրադառնալով հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարով արտահանձնման և ներման փաստին, ասել է, որ ի թիվս այլ նպատակների, դրանով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախընտրական հարցեր է լուծում և փորձում գրավել հասարակության մեջ մի ստվար հատված կազմող ազգայնական շրջանակների համակրանքը։
Դատելով արձագանքներից, ըստ քաղաքագետի, կարելի է ասել, որ ադրբեջանական իշխանությունները հիմնական առումով հասել են իրենց ներադրբեջանական նպատակներին:
«Սակայն մյուս կողմից, նույնիսկ Ադրբեջանում դա իր բացասական հետևանքները կունենա իշխանությունների համար, քանի որ իրենց հասարակության ռացիոնալ գիտակցություն ունեցող հատվածը հստակորեն տեսավ ու դատապարտեց Ալիևի մարդատյաց ու հայատյաց քաղաքականության լկտիությունը, քանզի այդ «հերոսը» հայ է սպանել ոչ թե մարտի դաշտում, այլ քնած ժամանակ ու առանց հետագա զղջման»,– ասել է նա:
Քաղաքագետը նկատել է, թե դա են վկայում սոցցանցերում և բլոգներում արտահայտված որոշ փոքրաթիվ անհամաձայնություններ, ինչպես նաև «Միասնական Կովկաս» կազմակերպության հայտարարությունը, որը դատապարտեց Սաֆարովի արարքի հերոսացումը նույնիսկ ջիհադի տեսանկյունից:
«Սա ևս մեկ ապացույց էր, որ հայ-ադրբեջանական հակամարտությանը կրոնական երանգավորում տալը դատապարտված է ձախողման»,– ընդգծել է նա:
Ինչ վերաբերում է ադրբեջանական իշխանությունների այս քայլի արտաքին նպատակներին, ապա, ըստ Արտակ Բեգլարյանի, այն տեղավորվում է նրանց՝ միջազգային հանրությանն ու Հայաստանին ատամ ցույց տալու քաղաքականության տրամաբանության սահմաններում, որով նպատակ ունեն ազդելու բանակցային գործընթացի վրա:
«Միանշանակ է, որ միջազգային հանրությանը և, հատկապես, Հայաստանին կարճաժամկետ քաղաքական ապտակ հասցնելով, ադրբեջանական իշխանությունները շատ լուրջ նվեր մատուցեցին մեզ: Իհարկե, բարոյական առումով այս քայլը հրեշավոր է, սակայն «չկա չարիք առանց բարիքի» կանոնը դիպուկ է այստեղ»,- ասել է քաղաքագետը։
Քաղաքագետի համոզմամբ՝ այս դեպքով հայկական կողմը լուրջ հնարավորություն ստացավ բանակցություններում խստացնել իր դիրքորոշումը, միջազգային ասպարեզում գործնական միջոցներով պայքարել Ադրբեջանի կողմից սպառազինությունների ինտենսիվ ձեռքբերման վրա սահմանափակումների ու պատժամիջոցների սահմանման ուղղությամբ և վերհանել քարոզչական դաշտում Ադրբեջանի ֆաշիստական և ընդգծված հայատյաց քաղաքականության և, հետևաբար, ադրբեջանական հասարակությունում առկա գազանային տրամադրությունները:
Արտակ Բեգլարյանը նշել է, թե բանակցություններում դիրքորոշման խստացումը կարող է կատարվել տարբեր տիպի քայլերով, ներառյալ Արցախի Հանրապետության անկախության ճանաչում, առաջարկվող սկզբունքներից հրաժարում, բանակցությունների բոյկոտում՝ ինչ-որ նախապայմանով, ինչպես նաև, Արցախի Հանրապետության՝ բանակցություններին մասնակցելու խիստ պահանջի առաջ քաշում:
«Սակայն ամենամեծ խաղաքարտը այն է լինելու, որ Ադրբեջանի տարածքում Արցախի ցանկացած կարգավիճակի մասին առաջարկությունները խստորեն մերժվելու են դրա անհնարինությունը ապացուցող թարմագույն փաստարկով»,– ընդգծել է նա:
«Եթե ադրբեջանական խորը ատելության մասին վկայող նախորդ ոչ մի դեպք հավուր պատշաճի չենք օգտագործել միջնորդներին ցույց տալու համար, որ առաջին հերթին պետք է վերացվի ադրբեջանական հասարակության գազանային ատելությունը հայերի նկատմամբ, ապա գոնե հիմա ժամանակն է որպես պարտադիր նախապայման առաջ քաշելու այն»,- հայտարարել է քաղաքագետը՝ նկատելով, որ սա մեզ համար հրաշալի առիթ է վիժեցնելու մադրիդյան սկզբունքները՝ իրենց արհեստական լուծումներով:
Քաղաքագետը նշել է, թե բոլորը մեկընդմիշտ պետք է հիշեն, որ ցանկացած չվերահսկվող շփում հայերի և ադրբեջանցիների միջև վերածվելու է ողբերգության, հետևաբար, պետք է վերացնել այդ խոչընդոտը, եթե ցանկանում ենք կայուն խաղաղություն:
«Այս քայլերի ընտրությունը մասամբ կախված է լինելու միջազգային հանրության ու, հատկապես, Մինսկի խմբի համանախագահ երկրների արձագանքներից և հստակ գործողություններից: ԱՄՆ-ի սկզբնական արձագանքը կարող եմ գնահատել համարժեք, բայց միայն հայտարարությունը պետք է դիտարկվի կեսգործողություն, քանզի ԱՄՆ-ը, որպես Մինսկի խմբի համանախագահ ու տարածաշրջանի անվտանգությամբ շահագրգռված երկիր, պարտավոր է ամեն ինչ անել Ադրբեջանում պետականորեն քարոզվող հայատյացության և դրա հետևանքների դեմն առնելու ուղղությամբ»,– նշել է նա:
«Կարծում եմ՝ խելամիտ կլինի այս դեպքից դասեր քաղել ու պատժամիջոցներ ու սահմանափակումներ սահմանել ադրբեջանին հատկապես սպառազինությունների մատակարարման համար: Նույնը կարելի է ասել նաև Ֆրանսիայի մասին: Իսկ ահա ՀՀ ռազմավարական դաշնակից ու Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանի լռությունը տարօրինակ ու դատապարտելի է: Հուսանք՝ շուտով այնտեղից էլ կստացվի սկզբնական համարժեք արձագանք»,- ասել է Արտակ Բեգլարյանը:
Քաղաքագետի համոզմամբ՝ Սաֆարովի արտահանձնման ու հերոսացման ամենաառանցքային դասը մեզ համար այն էր, որ տեսանք, թե ինչպիսին են լինում մեզ առաջարկվող միջազգային երաշխիքները։
«Սա պետք է հուշի մեզ, որ մեր անվտանգության միակ անկաշառելի երաշխավորը միայն մենք կարող ենք լինել»,– եզրափակել է նա:










