Ձեր դրոշներին կացին նկարեք, Յուրի Դավթյան ասում է ադրբեջանցիներին

17:52 • 03.09.12

Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետում այսօր կազմակերպել էր միջոցառում, ուր դատապարտել է Հունգարիայի դատարանի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու և վերջինիս կողմից նրան ներում շնորհելու փաստը:


Ադրբեջանին ուղղված կոչով է հանդես եկել Մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր Յուրի Դավթյանը, նշելով. «Ձեր դրոշներին կացին նկարեք, և հրաժարվեք մահմեդականությունից, որը հումանիզմ-մարդասիրություն է քարոզում: Դուք չեք կարող նույնիսկ իսկական մահմեդականներ լինել»։


Նա ափսոսանք է հայտնել եվրոպական ընտանիքի անդամ երկրի գործողությունների կապակցությամբ. «Ցավում եմ, որ իբրև թե համամարդկային արժեքներ դավանող Հունգարիան «ծախվեց» Ադրբեջանին»,- նկատի ունենալով տարածված այն լուրը, թե այս գործարքը երեք միլիարդ դոլար է արժեցել:


Բանասիրական ֆակուլտետի դեկանը նկատել է, թե Սաֆարովին համաներելու և հերոսացնելու նախադեպն ապացուցում է այն ճշմարտությունը, որ Արցախի հայությունն անկարող է ապրել մարդասպան ոճրագործների հետ համատեղ.«Եվ դա պետք է աշխարհը մեկընդմիշտ հասկանա»։


Հիշեցնենք, որ Բուդապեշտում ազգությամբ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպան, Հունգարիայի դատարանի կողմից ցմահ դատապարտված Ռամիլ Սաֆարովը, օրերս արտահանձնվել էր Ադրբեջան, որտեղ էլ արժանացել էր համաներման եւ ազատ արձակվել:


Մանկավարժական համալսարանի ուսանողուհի Նաիրա Խումարյանն այս իրադարձությունը համարել է արդարադատության, ազնվության, համամարդկային արժեքների վերջնական կորստի նախանշան։


«Մի բան է, երբ մարդ ընդունում և հասկանում է իր մեղքը, հետո են ներում ու թողություն տալիս, մեկ այլ բան` երբ խրախուսում և հերոսի կոչման են արժանացնում: Մեր համալսարանի ողջ ուսանողությունը դատապարտում է կատարվածը: Մենք շարունակելու ենք մեր բողոքը մինչև արդարության վերականգնումը»,– ասել է նա։


Նախաձեռնության հեղինակները կոչ են արել օգտվել ընձեռված հնարավորությունից` աշխարհին ևս մեկ անգամ ապացուցելու, որ «մեր գործն արդար է, և մենք հաղթելու ենք»։