Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանն արդարացրել է Մոսկվայի լռությունը

11:57 • 03.09.12

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը հանդիպում է ունեցել Մոսկվայում աշխատող լրագրողների հետ և պարզաբանել դեսպանատան դիրքորոշումն ու գործողությունները՝ Ռամիլ Սաֆարովի արտահանձման շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ, տեղեկացնում է Regnum-ը:

 

Հայաստանի դեսպանը փորձել է պատասխանել լրագրողներից մեկի այն հարցին, թե «արդյո՞ք չի ուշանում պաշտոնական Մոսկվայի արձագանքը՝ ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի անդամ Հունգարիայի և Ադրբեջանի խայտառակ գործարքին»:

 

«Հարկավոր է հաշվի առնել, որ իրադարձությունները ծավալվել են հանգստյան օրերին, երբ Մոսկվայում նշվում է Քաղաքի տոնը, ինչպես նաև՝ 1812-ի Հայրենական պատերազմում հաղթանակի տոնակատարությունը: Կարծում եմ՝ լռությունն առայժմ միայն դրա հետ է կապված: Սակայն երկուշաբթի օրը ես հանդիպում եմ ունենալու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում, և, ենթադրում եմ, արձագանք կտեսնենք», - ասել է դեսպանը:

 

Եսայանն ասել է նաև, որ գործողությունների ծրագիր է մշակվել, ըստ որի՝ Ռուսաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչություններին և պաշտոնատար անձանց մանրամասն ծանուցվելու է կատարվածի մասին ու համապատասխան արձագանք է պահանջվելու:

 

2004թ.-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ծրագրի մասնակից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնի 16 հարվածով սպանել էր նույն ծրագրի հայ մասնակից Գուրգեն Մարգարյանին: Երկու տարի անց նա դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Օրեր առաջ Հունգարիան Սաֆարովին արտահանձնել էր Բաքվին, որին իշխանությունները ներում էին շնորհել:
 

Նշենք, որ մինչ ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվելը, Օլեգ Եսայանը զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնը: