ԵՄ-ն կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածություն դրսևորել

17:59 • 03.09.12

Եվրամիությունը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին երկկողմ հարաբերություններում թույլ չտալ լարվածության սրում` Հունգարիայի կողմից հայ սպային կացնահարած ու ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու կապակցությամբ:


Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, այս մասին Բրյուսելում այսօր լրագրողների հետ կայացած հանդիպմանն ասել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ներկայացուցիչ Մայա Կասյանչիչը:


«Մենք կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել հրապարակային հայտարարություններում` ստեղծված իրավիճակում ցանկացած սրում կանխելու համար»,- ասել է Կասյանչիչը:

 

Ըստ նրա` ԵՄ-ն մտահոգված է այն հնարավոր հետևանքներով, որը  ստեղծված իրավիճակը կարող է ունենալ Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի համար:

Հիշեցնենք, որ հունգարական կողմից Ադրբեջանին արտահանձնված Սաֆարովին նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհել: Ավելին` նա ստացել է մայորի կոչում, բնակարան, 8 տարվա կուտակված աշխատավարձ: