Facebook-ը հայտարարել է կեղծ «լայքերի» դեմ պայքար սկսելու մասին
Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցը հայտարարել է, որ մտադիր է ջնջել կեղծ «լայքերը», այդ կերպ պայքարելով այն սպամերների դեմ, որոնք փորձում են այդ ճանապարհով ապահովել որևէ հաշվի հեղինակությունը:
Ինչպես տեղեկացնում է PCWorld-ը, Facebook-ը պատրաստվում է ջնջել «լայքերը», որոնք ավտոմատ կերպով կամ կեղծ հաշիվների կողմից են դրվել: Սոցիալական կայքը, սակայն, նշում է, որ կեղծ «լայքերն» ընդհանուր «լայքերի» թվի միայն 1% -ն են կազմում:
Այս ճանապարհով սոցցանցը փորձում է վերականգնել ներդրողների վստահությունը` մայիսին Facebook-ի արժեթղթերի առաջնային տեղաբաշխման (IPO) ժամանակ բաժնետոմսերի գնի կրկնակի անկման համար:
Շուրջ մեկ ամիս առաջ Facebook-ը խոստովանել էր, որ ցանցում առկա հաշիվների շուրջ 5% -ը կամ շուրջ 50 մլն-ը կեղծ է:










