Հունգար ժողովրդի անունից հայտնում ենք մեր համերաշխությունը. Հունգարիայի Լյութերական եկեղեցու առաջնորդ

16:57 • 03.09.12

Սեպտեմբերի 2-ին Հունգարիայի ավետարանական համայնքերն իրենց սրտակցությունն են հայտնել հայ ժողովրդին` ցավ արտահայտելով Հունգարիայի կողմից Ադրբեջանի զինված ուժերի սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանում ազատ արձակման առնչությամբ:


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված Հունգարիայի Լյութերական եկեղեցու առաջնորդ եպիսկոպոս Փիթեր Գանցի և Հունգարիայի Ռեֆորմիաստական եկեղեցիների խորհրդի նախագահ եպիսկոպոս Գյուստավ Բյոլցկեի գրության մեջ ասվում է.


«Հավատում ենք, որ միայն Աստված է արդարորեն դատում մեզ բոլորիս և Նրա առջև է, որ պետք է բոլորս մի օր կանգնենք: Սակայն պետությանն է տրված իշխանությունն ու պատասխանատվությունը ծառայելու և պաշտպանելու հասարակությանը. այսպիսով` հանցագործներին թողնել ազատությունը վայելել Աստծու պատվիրանին դեմ է: Մենք լիովին հասկանում ենք ներման` դատապարտելի քայլի առնչությամբ հայ ժողովրդի վրդովմունքը և մեր ժողովրդի անունից հայտնում մեր համերաշխությունը»:


Անհանդուրժելի նկատելով հանցագործի ազատ արձակումը` Հունգարիայի ավետարանական հարանվանությունները հույս են հայտնել, որ արդարությունը կվերականգնվի: