Սաֆարովի հարցում Ադրբեջանի քայլը որոշակի նպատակներ ունի և չունի արդարացում. Բորդյուժա

15:13 • 03.09.12

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մեկնաբանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած և Հունգարիայի կողմից Ադրբեջանին արտահանձնված մարդասպան Ռամիլ Սաֆարովին ադրբեջանական իշխանությունների կողմից ներում շնորհելու շուրջ ստեղծված իրավիճակը:


Ըստ ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության, Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդասպանին ներում շնորհելու և պատասխանատվությունից ազատելու մասին որոշումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին, կասկածի տակ է դնում հանցավորության հակազդման միջպետական համակարգի գործունակությունը:


«Այս քայլը, որը հստակ արվել է ի շահ որոշակի քաղաքական նպատակների, չի կարող ոչ մի կերպով արդարացվել»,– ասվում է հայտարարությունում:

«Ավելին, հանցագործի հերոսացումը կնպաստի առանց այդ էլ տարածաշրջանի լարվածության ավելացմանը։ Վստահ եմ, որ միջազգային հանրությունը չի հապաղի կատարվածին օբյեկտիվ գնահատական տալու հարցում»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: