Երկիրը փրկելու համար NASA-ն կկրկնի Բրյուս Ուիլիսի «արմագեդոնյան» հերոսությունը
ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը` ՆԱՍԱ-ն, այժմ մշակում է Երկիր մոլորակի փրկության ծրագիրը, եթե հանկարծ դրան խոշոր աստերոիդի հետ բախման վտանգ սպառնա, գրում է vz.ru-ն:
Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների տարածած տեղեկությունների` ՆԱՍԱ-ի գիտնակնները պատրաստվում են կրկնել սիրված դերասան Բրյուս Ուիլիսի` «Արմագեդոն» ֆիլմում արած հերոսությունը:
Գործակալության վիրտուալ իրականության լաբորատորիայում մասնագետներն արդեն մշակում են աստերոիդի վրա վայրէջք կատարելու ծրագիրը: Նրանց առաջնային նպատակն է շեղել դրա հետագիծը, որպեսզի հնարավոր լինի խուսափել մեր մոլորակի հետ բախումից: Ուսումնասիրության մեջ արդեն ներգրավված են բազմաթիվ տիեզերագնացներ, որոնք դեռևս սովորում են հաղթահարել համեմատաբար ավելի հեշտ արգելքներ, քան աստերոիդի հետագիծը փոխելն է:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ՆԱՍԱ-ի առջև հստակ առաջադրանք է դրել. մինչ 2025 թ.-ը վայրէջք կատարել աստերոիդի վրա: Առայժմ դա հաջողվել է միայն Բրյուս Ուիլիսին, այն էլ` «Արմագեդոն» ֆիլմում:
«Ֆիլմում դերասանի առաջնային նպատակն է դեպի Երկիր սլացող հսկայական աստերոիդը մասնատել և կանխել Երկրի հետ բախումը: Սակայն այս պարագայում էլ մեծ վտանգ են ներկայացնում նաև աստերոիդի մասնատված հատվածները»,-նշել է ծրագրի ղեկավար Մայքլ Քերնհարթը:
Նա նաև ավելացրել է, որ աստերոիդի վրա վայրէջք կատարելու համար նախատեսված սարքի նախնական տարբերակն արդեն պատրաստ է: Գիտնականներին, սակայն, չի հաջողվում լուծել միայն այն հարցը, թե ինչպես կարելի է հաղթահարել աստերոիդի մակերևույթի զրոյական ձգողության ուժի հանգամանքը:










