Ռոմնին կարող է ԱՄՆ-ն ներքաշել Սիրիայի և Իրանի դեմ պատերազմում. ԱՄՆ փոխնախագահ

10:57 • 03.09.12

Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում կարող է երկիրը ներքաշել Սիրիայի և Իրանի դեմ պատերազմում: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը:


«Ռոմնին մի քանի անգամ Իրաքում պատերազմի դադարեցումն ու ամերիկացի զինծառայողների տուն վերադարձը սխալմունք է անվանել: Նա նաև ճիշտ չէ համարում Աֆղանստանից ամերիկյան զորակազմը դուրս բերելու ամսաթվի նշանակումը: Նա իր ելույթներում հայտարարել է, որ պատրաստ է Սիրիայում ու Իրանում պատերազմներին»,- ասել է Բայդենը:

 

Ինչպես նշում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը, հանրապետականները շտապել են արձագանքել Բայդենի քննադատությանը: «Զարմանալի չէ, որ քաղաքական գործիչը, ով վերջին 30 տարվա ընթացքում սխալ է եղել բոլոր կարևորագույն արտաքին քաղաքական հարցերում, սխալվում է նաև Ռոմնիի ռազմավարության բոլոր կետերի հարցում, որը կենտրոնացած է աշխարհում ԱՄՆ առաջատարության վերականգնմանը»,- այս կապակցությամբ ասել է Ռոմնիի շտաբիի պաշտոնական ներկայացուցիչ Ամանդա Հենենբերգը: