Սաֆարովի դեպքը ցույց տվեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը հավասար հարթության վրա չեն. Ռուբեն Բաբայան

17:00 • 03.09.12

Հունգարիայի քայլից՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Բաքվին արտահանձնելուց, Հայաստանը ստացավ խաղաքարտ և մեծ հնարավորություն ցույց տալու, որ Հայաստանն ու Ադրբեջանը հավասար հարթության վրա չեն. այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:


«Մեզ համար դրական է, որ այդ երկիրը Իլհամ Ալիևն է ղեկավարում: Ադրբեջանի ղեկավարը գնալով հակասահմանադրական քայլի՝ ներում շնորհելով մարդասպանին, մեզ հնարավորություն տվեց ամեն տեղ ասելու, որ չենք կարող երաշխավորել ԼՂՀ-ի ինքնավարությունն այդ պետության սահմաններում»,- նշեց նա:


Սրանից ելնելով՝ Ռուբեն Բաբայանը նշեց, որ չպետք է ոչ մի դեպքում դադարեցնել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները. «Ուղղակի պետք է մասնակցել, բայց բոլորովին այլ փաստերով, իսկ թե ի՞նչ կքաղենք այս իրադարձությունից՝ կախված է մեր քաղաքական մտքից»:


Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը հիշեցրեց, որ մեր թշնամին Ադրբեջանն է և պետք չէ, որ մենք այլ թշնամիներ ձեռք բերենք:


«Հունգարիայի հանդեպ ինչ արվեց՝ բավական է, պետք չէ ավելացնել թշնամիների քանակը: Ինչո՞ւ է թվում, որ միայն մեր մոտ կան ծախու քաղաքական գործիչներ: Հունգարիայի իշխող կուսակցությունն ազգայնական է, իսկ դրանք առաջնորդվում են մեկ սկզբունքով՝ հանուն ազգի պատրաստ են սատանայի հետ գործարքի գնալ»,- ասաց նա և ավելացրեց, որ այս իրավիճակը ձեռնտու է Հայաստանի համար:


Ռուբեն Բաբայանը նշեց, որ նույնիսկ ոչ պատերազմական վիճակում Ադրբեջանը հանգիստ կարող է դրժել ցանկացած պայմանագիր, ինչի վկայությունն է Հունգարիայի կողմից հրապարակված փաստաթուղթը, որտեղ Ադրբեջանը հավատացնում է, որ Սաֆարովը կշարունակի կրել իր արժանի պատիժը, սակայն դրժեց այդ խոստումը։


Ռուբեն Բաբայանը կտրականապես դեմ է նաև Սաֆարովի նկատմամբ ինտերպոլով հետախուզում հայտարարելուն, որ Սաֆարովը չկարողանա լքել երկիրը։


«Ընդհակառակը, պետք է ամեն ինչ արվի, որ Սաֆարովը դուրս գա երկրից: Նախագահի առաջադրանքը, հուսով եմ, այն չէր, որ հարձակվեն ադրբեջանական կայքերի վրա, այլ այն պետք է լինի, որ մի օր Սաֆարովին Հայաստանում գտնենք…»,- ասաց նա: