Ռասսել Քրոուին փրկել է ԱՄՆ ափային պահպանության ծառայությունը
Աշխարհահռչակ օսկարակիր դերասան Ռասսել Քրոուն փրկվել է ԱՄՆ ափային պահպանության ծառայության աշխատակիցների կողմից Լոնգ-Այլենդ նեղուցում, հաղորդում է CNN-ը:
Այդ օրը 48-ամյա ավստրալացի դերասանը իր ընկերոջ հետ մեկնել է բայդարկաներով զբոսանքի, և երկուսով կորել են:
Երեկոյան ԱՄՆ ափային պահպանության ծառայության աշխատակիցները, ովքեր այդ հատվածում պարեկություն էին իրականացնում, օգնության կոչեր են լսել, իսկ քիչ անց նրանց նավակը Քրոուի բայդարկան քաշելով տեղափոխել է դեպի մոտակա ափ:
«Նրանք պարզապես մոլորվել էին, քանի որ արդեն մութ էր: Այս միջադեպը չի կարելի փրկարարական գործողություն անվանել, ես դա, ավելի շուտ, օգնության տրամադրում կանվանեի: Ոչ ոք 911 կամ մեկ այլ նման ծառայության չի դիմել: Աշխատակիցները պարզապես մոտակայքում են հայտնվել դժվար պահին», - ասել է ափային պահպանության աշխատակից Էնթոնի Կոզակը:
Կոզակը նաև ավելացրել է, որ դժվար պահին Քրոուն իրեն շատ լավ է դրսևորել:
Քրոուն, իր հերթին, «Թվիթերի» իր էջում շնորհալակություն է հայտնել ափային պահպանության ծառայության տղաներին: Մեկ այլ հաղորդագրությամբ նա մեկնաբանել է իրավիճակը. «մենք չէինք մոլորվել կամ կորել, հստակ գիտեինք, թե որտեղ ենք գտնվում… պարզապես արդեն ուշ էր և մութ»:
Էքստրեմալ հանգստի դերասանը մեկնել էր աշխատանքի ընթացքում ստացած հանգստյան օրերին: Ներկայում նա նկարահանվում է «Նոյ» ֆիլմում, որի սյուժեն հիմնված է Նոյ նահապետի տապանի մասին Աստվածաշնչյան պատմության վրա:










