Ռուսաստանում 200 կգ քաշով անօդաչու սարք է ստեղծվում

20:19 • 03.09.12

Ռուսաստանի ռազմական արդյունաբերության կոնստրուկտորները աշխատում են նոր սերնդի «ZALA 421-20» անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) ստեղծման վրա, որը հետախուզական համալիր է և մոտ 200 կգ թռիչքային քաշ ունի, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:



«Ներկա պահին «ZALA 421-20» ԱԹՍ-ի հիման վրա հետախուզական համալիրը գործարանային փորձարկումների փուլում է գտնվում: Հաշվի առնելով այն, որ տվյալ համալիրի կողմից լուծվող խնդիրների ցանկը շատ ծավալուն է, փորձարկումները կարող են մի փոքր երկարել», - գործակալության հետ զրույցում հայտարարել է կոնստրուկտորական խմբի ղեկավարը:

 

«ZALA 421-20» ԱԹՍ-ի թռիչքային քաշը 200 կգ, ռադիոկապի շառավիղը մոտ 100 կմ, թռիչքի տևողությունը 8-10 ժամ, թռիչքի բարձրությունը 3700 մ: Արագությունը 90-220 կմ/ժ: Սարքը 50 կգ օգտակար քաշ է կրում, իսկ տեղորոշումը իրականացվում է GPS և ԳԼՈՆԱՍՍ համակարգերով: