Հունգարիայի անբարոյականությունը թաքցնել հնարավոր չէ. Եվրոպայի հայերի համագումար
Եվրոպայի հայերի համագումարը հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և ներման առիթով հանդես է եկել կոչով, որով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարությունից, Եվրամիության նախագահությունից, Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցչից և մարդու իրավունքների պաշտպան միջազգային կազմակերպություններից ու կառույցներից պահանջում են պախարակել Հունգարիայի անբարոյական քայլը, որպեսզի վերջակետ դրվի պատեհապաշտության, կաշառակերության և պետական շահի անունով միջազգային օրենքի նման բացահայտ ոտնահարմանը:
Կոչում ասվում է հետևյալը.
2004 թվականի փետրվարի 19-ին, Բուդապեշտում, ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնի 16 հարվածներով սպանեց Հայաստանի ԶՈւ սպա, համադասարանցի, Գուրգեն Մարգարյանին՝ քնած ժամանակ:
Ոճրագործը և նրա զոհը, Հունգարիայի մայրաքաղաքում, ՆԱՏՕ-ի «գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացների:
Հունգարիայի դատարանը ռասիզմի և էթնիկ հողի վրա կատարված այս ոճրի համար Ռամիլ Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության՝ առաջին 30 տարիներին առանց ներման իրավունքի:
Հունգարիայի իշխանությունները, կասկածելի և մութ պայմաններում, երբ Ադրբեջանում ռասիզմի և ազգային ատելության գետնի վրա ոճրագործություն կատարած անձին ազգային հերոս էին անվանում, խախտելով եվրոպական և միջազգային իրավունքները, 2012թ. օգոստոսի 31-ին Ադրբեջանին հանձնեցին ոճրագործ Ռամիլ Սաֆարովին՝ ում, ըստ ադրբեջանական պաշտոնական լրատվության, Ադրբեջան փոխադրվելու օրը, Ադրբեջանի ժառանգական և ցմահ նախագահ Իլհամ Ալիևի հրամանով ներում շնորհվեց և նույն օրն ազատ արձակվեց, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի կողմից, իր էությամբ վախկոտ և տմարդի արարքի համար, ոճրագործին շնորհվեց մայորի կոչում:
Եվրոպայի Հայերի Համագումարին ոչինչ չի մնում մեկնաբանելու կատարվածի նկատմամբ, քանզի Հունգարիայի իշխանությունների կատարածը ինքնին, խոսուն է՝ պատեհապաշտ մի քայլ, որի անբարոյականությունը հնարավոր չէ շղարշել՝ ինչ-ինչ բացատրություններով: Հունգարիայի իշխանությունները կաշառվեցին՝ ոտնահարելով սեփական պետության և երկրի դատական համակարգի վարկն ու հեղինակությունը:
Ու թեև, հայ ժողովուրդը և մանավանդ Լեռնային Ղարաբաղի հայությունը վաղուց ի վեր որևէ սպասելիք չունեին ազգային խտրականության խորհրդանիշ հանդիսացող Բաքվի իշխանություններից, այնուամենայնիվ, այս անգամ ադրբեջանական ռասիստները կատարեցին այն ամենը, ինչը պետք էր՝ միջազգային հանրության, եվրոպական կառույցներին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարությանը համոզելու, որ Ադրբեջանի Հանրապետության համար հայասպանությունը՝ Ադրբեջանում թե՛ այլուր, ոչ միայն հանցանք չէ, այլև պարգևատրվող արարք:
Հենվելով վերոնշյալին, պետական կառույցներ հիմնադրող, դեմոկրատական և կայուն քայլերով իշխանական հիմքեր ամրապնդող Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, Սումգայթի և Բաքվի ջարդերից հետո, այսուհետ, առավել ևս, իրավունք ունեն, միջազգային հանրությունից պահանջելու, որ այլևս, ադրբեջանական շինծու և ինքնակոչ սահմանների հողային ամբողջականության անվան տակ, չվտանգեն Ղարաբաղի քաղաքացիների անվտանգությունը իրենց հայ լինելու պատճառով:
Մարդու իրավունքներ պաշտպանող միջազգային բոլոր կազմակերպություններից և կառույցներից պահանջում ենք, դատապարտումի համապատասխան կեցվածքներով, պախարակեն Հունգարիայի անբարոյական այս վերջին քայլը, որպեսզի վերջակետ դրվի պատեհապաշտության, կաշառակերության և պետական շահի անունով միջազգային օրենքի նման բացահայտ ոտնահարմանը:










