Ռուսաստանը մտադիր չէ համակերպվել սիրիական ընդդիմության քաղաքացիական օդանավերը խփելու սպառնալիքների հետ

23:39 • 03.09.12

Ռուսաստանը դիմել է այն երկրներին, որոնք ազդեցություն ունեն «Սիրիական ազատ բանակի» ղեկավարների վրա, որպեսզի բացառվեն այն սպառնալիքները, որոնք հնչեցվել են այդ կազմակերպության կողմից կապված Դամասկոսի և Հալեպի քաղաքացիական օդակայանների վրա քաղաքացիական օդանավերը խփելու վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ կայքը:


Նման հայտարարություն է հնչեցվել այն բանից հետո, երբ ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակի» գրոհայինները ԶԼՄ-ներում հայտարարություն էին տարածել, որ Դամասկոսի և Հալեպի միջազգային օդակայանները դիտարկում են որպես ռազմական թիրախներ:


Ավելի վաղ նույն գրոհայինները քաղաքացիական ավիափոխադրողներից պահանջել էին դադարեցնել դեպի Սիրիայի խոշորագույն երկու քաղաքներ չվերթները 72 ժամվա ընթացքում` սկսած սեպտեմբերի 1-ից:
 Այդ պահանջը չկատարելու դեպքում գրոհայինները մտադիր են վայր գցել ուղևորատար օդանավերը:


«Նման սպառնալիքները բացարձակապես անընդունելի ենք համարում: Դրանք կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը: Բարոյական և իրավական տեսանկյունից, դա նշանակում է, որ ընդդիմադիրները ծայրահեղ մոտեցել են մի «եզրագծի», որից այն կողմ գործողություններ են, որոնք ոչ մի կերպ չեն տարբերվում «Ալ-Կաիդաի» կատարած հանցագործություններից», - ասվում է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ:


Ռուսաստանյան դիվանագետների կարծիքով, «Սիրիական ազատ բանակի» վերջին հայտարարությունը հաստատում է այն, որ «ահաբեկչությունը դարձել է այդ խմբավորման գործելակերպի հիմնական ուղղությունը»:


«Սիրիական ազատ բանակի կողմից սպառնալիքների իրականացման դեպքում պատասխանատվության ողջ ծավալը կընկնի ոչ միայն անմիջական իրականացնողների վրա, այլ նաև նրանց հովանավորների», - նշում է ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը: