Բուլղարիան հետաձգում է եվրոգոտուն անդամակցությունը. WSJ
Բուլղարիան հետաձգում է եվրոգոտուն անդամակցության ծրագրերը` Եվրամիությունում տնտեսական վիճակի վատթարացման և կառույցի ապագայի հանդեպ ոչ վստահ լինելու պատճառով: Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ասել է Բուլղարիայի ֆինանսների նախարար Սիմեոն Դյանկովը:
«Ներկայիս պայմաններում եվրոգոտուն անդամակցությունից ես ոչ մի օգուտ չեմ տեսնում, այլ միայն վնաս եմ ակնկալում»,- ասել է նա:
Նախարարը նշել է, որ Եվրամիությանն անդամակցությունը շատ համարձակ քայլ է: «Նաև հստակ չէ` ինչպիսի՞ն են պայմանները, կանոնները, և ինչպե՞ս կփոխվեն 2-3 տարուց: Մեր ազգը ցանկանում է պատկերացում ունենալ այն մասին` պե՞տք է, արդյոք, փրկենք այլ երկրները դեֆոլտից, եթե միանանք եվրոգոտուն»,- ասել է Դյանկովը:
Եվրոգոտին ներկայում ճգնաժամ է ապրում, որը, ըստ որոշ փորձագետների, լրջորեն սպառնում է Եվրամիության գոյությանը: Եվրոգոտու անդամ երկրներից շատերը դեռ չեն կարողանում ուշքի գալ 2008թ.-ի ճգնաժամի հետևանքներից:










