Հայաստանը պատրաստ է «Փոխգործակցություն–2012» համատեղ զորավարժություններին

14:03 • 04.09.12

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում 2012թ. սեպտեմբերի 15-19-ը ՀՀ տարածքում «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման նպատակով այսօր տեղի է ունեցել ՀՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խումբը այսօր ի հերթական նիստը։


Ըստ ԱԽ հաղորդագրության՝ բացման խոսքում Արթուր Բաղդասարյանը նշել է, որ սեպտեմբերի 15-19-ը Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի կունենան ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումների խոշորամասշտաբ զորավարժություններ, որոնք Հայաստանի համար ունեն կարևոր նշանակություն` հաշվի առնելով զորավարժությունների անցկացման հասարակական, քաղաքական և կոնկրետ կիրառական նշանակությունը:


«Կարծում եմ, որ մինչ այժմ կատարված աշխատանքները բավարար են պատշաճ մակարդակով զորավարժությունները անցկացնելու համար, բայց, այդուհանդերձ, անհրաժեշտություն կա համադրելու Հայաստանի պետական կառավարման մարմինների աշխատանքները` հաշվի առնելով այն հանգամանքը, որ զորավարժություններում ընդգրկված են Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները»,– ասել է նա:


Այնուհետև խմբում ներգրավված ՀՀ զինված ուժերի, Պաշտպանության, Արտաքին գործերի, Արտակարգ իրավիճակների, Տարածքային կառավարման նախարարությունների և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները հանդես են եկել զորավարժության նախապատրաստման և անցկացման ուղղությամբ կատարած աշխատանքների ամփոփիչ զեկույցներով:


Նիստում արձանագրվել է, որ գերատեսչություններն իրենց մասով լիովին պատրաստ են զորավարժության անցկացումը պատշաճ մակարդակով իրականացնելու համար:


Ի լրումն մի շարք այլ միջոցառումների, զորավարժությունը կազմակերպվելու է ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2012թ. ծրագրի շրջանակներում: