Ռումինացի դիզայները թագավորներին վայել ոսկեպատ համակարգիչներ է ստեղծում (լուսանկարներ, տեսանյութ)
Ծագումով ռումինացի դիզայներ Ջորջ Չիրիտան աշխարհի ամենահարուստ և հայտնի անձանց համար ստեղծում է լյուսք դասի այնպիսի համակարգիչներ, որոնք վայել են միայն թագավորներին, գրում է Oddity Central-ը:
Շքեղ այս աշխատանքները պատրաստված են այնպիսի թանկարժեք մետաղներից ու քարերից, ինչպիսիք են ոսկին, բրոնզը, լազուրիտն ու մարմարը: «Թագավորական» համակարգչի ամենաէժան մոդելն արժե 21 հազար դոլար:
Ռումինացին Ֆրանսիա տեղափոխվելուց հետո անմիջապես «նվաճել է» երկիրն իր ոսկեպատ համակարգիչներով, քանի որ վաղուց հայտնի է, որ ֆրանսիացիները բնավ անտարբեր չեն շքեղ իրերի նկատմամբ:
Չիրիտան նույնիսկ ընկերություն է հիմնել, որը զբաղվում է 3 տարբեր տեսակների` Լյուդովիկոս 15-րդ, Լյուդովիկոս 16-րդ և Կայսր համակարգիչների պատրաստմամբ:
«Մեր նպատակն է ոչ միայն ստեղծել պարզապես արտաքուստ շքեղ համակարգիչներ, այլ համադրել ճոխությունը որակի հետ: Այդ նպատակով մեր ընկերությունն օգտագործում է տեխնոլոգիաների ոլորտում բոլոր նորարարությունները: Ինչ վերաբերում է հաճախորդներին, ապա դա մեծ գաղտնիք է: Կարող եմ ասել միայն, որ մեր համակարգիչները պատվիրում են աշխարհի տարբեր երկրներից»,-նշել է դիզայները:










