Facebook-ը չի «լայքել» «Հըզբոլլահ»-ի առաջնորդի ծննդյան տոնը
Facebook սոցիալական ցանցը չեղյալ է դարձրել առցանց միջոցառումը, որի ընթացքում ծրագրված էր նշել լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Սայեդ Հասան Նարսալլահի ծննդյան 52-րդ տարեդարձը, հայտնում է «Ալ Արաբիա»-ն:
Սոցցանցի շուրջ 7 000 օգտատերեր, ովքեր, ըստ երևույթին, Նարսալլահի համակիրներն են, պատրաստվել են «հաճախել» միջոցառմանը` բազմաթիվ շնորհավորական ուղերձներ տեղադրելով նրա կայքէջում:
Սակայն «խրախճանքը» երկար չի տևել, քանի որ Facebook-ի ղեկավարությունը մի քանի ժամ անց ջնջել է էջը, ինչից հետո բազմաթիվ բողոքներ է ստացել:
Հասան Նարսալլահը «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարն է դարձել 1992թ.-ին, երբ Իսրայելը վերացրել է այդ պաշտոնը զբաղեցնող Աբաս ալ-Մուսավիին: «Հըզբոլլահ»-ն ԱՄՆ-ի, Նիդերլանդների, Իսրայելի և Կանադայի կառավարությունների կողմից ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել:










