Իտալիան և Ֆրանսիան մտադիր են Սիրիայում Ասադից հետո անցումային շրջանի համար հիմքեր ստեղծել

21:00 • 04.09.12

Իտալիան և Ֆրանսիան աշխատում են, որ հիմքեր ստեղծեն այն փուլի համար, որը կստեղծվի Սիրիայում Բաշար Ասադի հեռանալուց հետո, հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
 

«Մենք պետք է հաղթահարենք փակուղին, որում այժմ հայտնվել է ՄԱԿ-ի ԱԽ-ն», - ասել է Մոնտին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:


Այդ կապակցությամբ նա «դրական ընթացք» է անվանել Ալժիրի նախկին արտգործնախարար Լախդար Բրախիմի ՄԱԿ-ի և ԵՊԼ-ի Սիրիայում հատուկ բանագնացի պաշտոնում նշանակումը:


Մոնտին նշել է, որ Հռոմը և Փարիզը շարունակում են աշխատել, որ ապահովեն Սիրիայում իշխանության քաղաքական փոխանցումը, ինչպես նաև խորհրդակցություններ են անցկացնում Ասադի հեռանալուց հետո հնարավոր իրադարձությունների վերաբերյալ:


Իր հերթին Ֆրանսուա Օլանդը Ասադի վարչակարգը մեղադրել է «զանգվածային սպանությունների մեջ» և նշել, որ Ֆրանսիան և Իտալիան հանդես են գալիս այլընտրանքային անցումային կառավարության ստեղծման օգտին: