Ուղեկցորդների գործադուլը կաթվածահար է արել Գերմանիայի օդային տրանսպորտի աշխատանքը
Բեռլինի և Ֆրանկֆուրտի օդանավակայաններում կրկին գործադուլ են անում Lufthansa ավիաընկերության ուղեկցորդները: Նրանց են միանալու նաև Մյունխենի իրենց գործընկերները, հայտնում է Deutsche Welle-ն:
Ակցիան սկսվել է գերմանական ժամանակով առավոտյան 5-ին և շարունակվելու է մինչև ժամը 14:00-ն: Գերմանիայի խոշորագույն՝ Ֆրանկֆուրտի օդանավակայանից գործադուլը շարունակություն է գտել նաև Բեռլինի «Թեգել»-ում: Իսկ երեկոյան ներառելու է նաև Մյունխենը:
Lufthansa-ն ուղևորներին առաջարկում է անվճար վերագրանցվել այլ չվերթերի համար: Ավիափոխադրողն ուղևորներին չվերթերի հետաձգումների մասին տեղյակ է պահել նաև SMS-ներով: Առաջարկվել է նաև նկատի ունենալ երկաթուղիները:
Գործադուլի պատճառն աշխատավարձերի բարձրացման ու աշխատանքային պայմանների բարելավման շուրջ Lufthansa-ի ղեկավարության հետ13 ամիս տևած բանակցությունների տապալումն է:










