ԱՄՆ նախագահը խոստացել է օգնել «Իսահակ» փոթորկից տուժած Լուիզիանա նահանգին
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման խոստացել է օգնություն տրամադրել «Իսահակ» փոթորկից տուժած Լուիզիանա նահանգին, հայտնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալությունը:
Նախագահի պաշտոնում վերընտրվել ցանկացող Օբաման այսօր կայանալիք Դեմոկրատական կուսակցության նախընտրական համագումարին ընդառաջ այցելել է տարերային աղետից տուժած վայրեր:
Բարաք Օբաման գոհունակություն է հայտնել Լուիզիանայի նահանգային իշխանություններին կատարված լավ աշխատանքի համար, հատկապես` գովել է հանրապետական նահանգապետ Բոբի Ջինդալին:
«Երբ նման աղետ է տեղի ունենում, մեր միջկուսակցական վեճերը մնում են մի կողմում: Չկան դեմոկրատներ ու հանրապետականներ, մենք բոլորս ամերիկացիներ ենք, ովքեր հոգ են տանում միմյանց մասին»,- ասել է նախագահը:
«Իսահակ»-ն ամերիկյան տնտեսությանը հասցրել է ավելի քան 2 մլրդ դոլարի վնաս: Դեռ առանց էլեկտրաէներգիայի է մնում 100 000 քաղաքացի: Ավելի քան 3 000 բնակիչներ չեն կարողանում վերադառնալ իրենց տները: Իշխանություններն ու մարդասիրական կազմակերպությունները նրանց ապահովել են ժամանակավոր կացարաններով:










