ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը քննադատել է Սաֆարովի մեծարումը

18:00 • 04.09.12

Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու և մեծարելու առիթով իր մտահոգությունն է հայտնել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար, լատվիացի քաղաքագետ Նիլ Մույժնիեկսը: Այս մասին ծանուցում է ԵԽ-ի պաշտոնական կայքը:

 

Իսկ հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ռասիստական բնույթի հանցագործությունները չպետք է անպատիժ մնան: Հենց զոհերի և նրանց հարազատների վրա ունեցած կործանիչ հետևանքներից բացի, դրանք կարող են կործանիչ լինել նաև ամբողջ համայնքների համար և խարխլել հասարակության բուն հիմքերը: Պետությունները պարտավորություն ունեն՝ հակախրախուսական պատժամիջոցներ կիրառել նրանց հանդեպ, ովքեր չարամիտ հանցագործություններ են կատարել»:

 

Հանձնակատարն ընգծել է այն, որ մարդասպանը փառաբանվել է և պարգևատրվել Ադրբեջանի կողմից: «Նման մարդու մեծարումն ու պարգևատրումը հակասում է մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերիշխանության՝ բոլոր ընդունված չափանիշերին: Ատելության հողի վրա իրականացված հանցագործությունների նման մեծարումը կարող է միայն պատգամ հղել, որ զոհի էթնիկ խմբին պատկանող մյուս մարդիկ «հեշտ թիրախ» են: Սա հույժ վտանգավոր պատգամ է»,- եզրափակել է Մույժնիեկսը: