ԱՄՆ-ն, Օբամայի վերընտրվելու դեպքում, կշարունակի ճնշումը Հյուսիսային Կորեայի նկատմամբ
Միացյալ Նահանգները, նախագահական ընտրություններում Բարաք Օբամայի վերընտրվելու դեպքում, կշարունակի ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի նկատմամբ` վերջինիս ստիպելու համար հրաժարվել միջուկային զենքի մշակման աշխատանքներից: Այս մասին, ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, ասված է Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոթ քաղաքում անցկացված Դեմոկրատական կուսակցության համագումարում հրապարակված ծրագրում:
Նախօրեին աշխատանքները սկսած համագումարում պետք է պաշտոնապես առաջադրվեն նախագահ Բարաք Օբամայի և փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի թեկնածությունները նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում: Նախօրեին անցկացված համագումարի միակ կարևոր իրադարձությունը եղել է կուսակցության` առաջիկա 4 տարվա ծրագրի հրապարակումը:
«Նախագահ Օբաման կշարունակի ճնշում գործադրել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության վրա, ևս մեկ ռեժիմի (Իրանի հետ հավասար), որն անտեսում է հրթիռային տեխնոլոգիաների ու միջուկային զնեքի մշակման վերաբերյալ միջազգային պարտավորությունները: ԿԺԴՀ-ը կկանգնի ընտրության առաջ` ձեռնարկել քայլեր ապամիջուկայնացման ուղղությամբ, կամ բախվել մեկուսացմանն ու ԱՄՆ-ի և միջազգային հանրության կողմից ճնշումներին»,- ասվում է փաստաթղթում:
Ծրագրում նշվում է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Հյուսիսային Կորեային միջուկային նյութերի մատակարարումները, ինչպես նաև պատասխանատվության կենթարկի դրանք ստանալու փորձերի համար:
ԿԺԴՀ-ն միջուկային տերություն է հայտարարել 2005թ.-ին:










