Հերքվեց Սիրիայում հայ ընտանիքի սպանության լուրը. Սիրիայի Հայոց թեմ
Դամասկոսի Հայոց թեմի Ազգային Առաջնորդարանի Դիվանը տարածել է հաղորդագրություն, որում իր մտահոգությունն է արտահայտում Սիրիայի The Truth Paris լրատվական գործակալության կայքէջում, ինչպես նաև Սիրիական (Syria News Channel – السورية الاخبارية) հեռուստատեսությամբ օրերս՝ օգոստոսի 28-ին, տարածված այն տեղեկատվության աառնչությամբ, թե Դամասկոսի Զամալքա թաղամասում դաժանորեն սպանվել է 6 անդամներից բաղկացած հայ ընտանիք:
Հիշեցնենք, որ համաձայն այդ տեղեկատվության.«Դամասկոսի Զամալքա թաղամասում բազմության առաջ դաժանորեն սպանվել է մի հայ ընտանիք: «Ազատ Բանակ» կոչված խմբավորումն արդեն իսկ սպառնացել է վրեժ լուծել ծագումով հայ քաղաքացիներից»:
Դամասկոսի Հայոց Թեմի Ազգ. Առաջնորդարանն ու դամասկոսահայության Շտապ Օգնության Մարմինը երկու օր շարունակ համայնքի փաստաթղթային տվյալներում փորձել են պարզել վերոնշյալ ընտանիքի ինքնությունը:
Դամասկոսի Հայոց թեմի Ազգ. Առաջնորդարանի դիվանից հայտնում են.«Ըստ Դամասկոսի հայության տոմարի՝ պարզվեց, որ Դամասկոսի Զամալքա թաղամասում հայ ընտանիք չի ապրում»:
Դամասկոսի Ազգ. Առաջնորդարանն իր հերթին հարցում է արել սիրիական Syria News Channel – السورية الاخبارية հեռատեսության տնօրինությանը, որը հայտնել է, թե հեռուստատեսությունն այդ լուրը տարածելիս հիմք է ընդունել The Truth Paris կայքէջի տվյալները:
«Ուստի, բարեբախտաբար, հայ ընտանիքի սպանության տեղեկությունը հնարավոր չեղավ հաստատել և հերքվում է այդ լուրը»,- նշված է Հայոց թեմի տարածած տեղեկատվության մեջ:
Այնուհետև, Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը գրավոր նամակով բողոք է հղել սիրիական Syria News Channel – السورية الاخبارية հեռուստատեսության տնօրինությանը: Ինչպես նաև, սեպտեմբերի 1-ին հանդիպում է ունեցել Սիրիայի լրատվության նախարար Ումրան Ալ-Զուուպիի հետ և բողոք ներկայացրել սիրիահայության անունից:
Հանդիպման ժամանակ սրբազան հայրը նախարարին փոխանցել է սիրիահայության վրդովմունքը, խոր ցավ հայտնելով, որ ճշմարտացիությունը չստուգված, ոչ պաշտոնական աղբյուրիների վրա հիմնված լրատվություն է տարածվել պաշտոնական հեռուստատեսության կողմից: Նախարար Ալ Զուուպին համաձայնելով սրբազան հոր դիտարկումների հետ հայտնել է, որ սխալն արդեն իսկ ուղղված է, իսկ սխալ լրատվություն տարածած աշխատակիցն անպայման կենթարկվի պատասխանատվության:
Սրբազան հայրը շնորհակալություն է հայտնել բարեկամական ընդունելության համար, միաժամանակ նախարարին հետ քննարկել առաջիկա համագործակցությանն առնչվող հարցեր:










