Սաֆարովի արտահանձնմանը օգնել են Թուրքիան և ևս մի քանի երկիր. Ստյոպա Սաֆարյան

13:21 • 04.09.12

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին Հունգարիայում սպանած Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնելու հարցում ակնհայտ է, որ որոշ պետություններ օգնել են և դրանցից մեկը Թուրքիան է, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:


«Մարդասպանի հանձնումը ցույց է տալիս, որ տեղի ունեցածը Հայաստանի և տարածաշրջանի հանդեպ պրովոկացիա էր: Որոշ պետություններ օգնել են Ադրբեջանին, որոնցից մեկը Թուրքիան է»,- ասաց նա:


Ստյոպա Սաֆարյանը հրաժարվեց Թուրքիայից բացի այլ երկրների անուններ տալ։ «Հրապարակումները վկայում են այլ երկրների մասնակցության մասին, բայց չեմ ցանկանա որևէ երկրի դեմ ներկայացնել մեղադրանքներ՝ չունենալով փաստեր»,-ասաց նա։


Միաժամանակ նա ավելացրեց, որ հավատալ չի կարելի հունգարական կառավարության այն արդարացումներին, թե իրենք Սաֆարովին հանձնել են Ադրբեջանին, քանի որ այդ երկիրը հավաստիացումներ է տվել, որ Սաֆարովն իր պատիժը կշարունակի կրել Ադրբեջանում։


Ստյոպա Սաֆարյանը հիշեցրեց, որ այս տարիների ընթացքում Հունգարիան ընդամենը թանկացրեց այս գործարքը: Այս ամենից հետո նա եզրակացրեց, որ ոչ միայն Հունգարիան, այլ նաև մյուս երկրները նույնպես ունեն պատասխանատվության իրենց բաժինն այս գործում։


Քաղաքագետի գնահատականով փորձ է արվում այս քայլն օգտագործել ադրբեջանական վարչախմբի հեղինակությունը բարձրացնելու նպատակով։


«Որովհետև բոլոր հարցազրույցներում կարմիր թելով գնում է (այն միտքը – Tert.am), որ Ալիևը կանգնած է ամենից վերջին շարքային քաղաքացու թիկունքին: Այս տխրահռչակ քայլը խելոք օպերացիա են համարում, նաև ուժեղ, ինչից հետո հավատացնում, որ հնարավոր է Ղարաբաղի հարցը լուծել հօգուտ իրենց»,– մեկնաբանեց նա՝ ավելացնելով, որ այս քայլը նաև համարում է պատերազմի հրահրման դրդելու քայլ:


Ստեփան Սաֆարյանը, ելնելով Սաֆարովի արտահանձնմանը հետևած միջազգային արձագանքներից (ԱՄՆ, Ռուսաստանի, ՀԱՊԿ) ըստ որոնց, այս քայլը տարածաշրջանի համար վտանգավոր էր, կարծում է, որ նույն այս երկրները պետք է ԼՂՀ հակամարտությունը մի կողմ դնեն և զբաղվեն Ադրբեջանի բուժմամբ:

 

Միաժամանակ «Ժառանգություն» կուսակցության քարտուղարը կարծում է, որ հայկական դիվանագիտությունը պետք է արագ գործի։


«Պետք է հասկանան, որ երկար այս լարվածությունը չի մնալու, և եթե արդյունքներ ստանալ է ուզում, պետք է քայլեր անի չափազանց կարճ ժամանակի ընթացքում»,– ասաց նա:


«Նեմեսիս» օպերացիայի շարունակությանը, հումանիզմի նկատառումներից ելնելով, Ստյոպա Սաֆարյանը դեմ է, իսկ որպես ազգային անվտանգությանը հարված, ըստ նրա, սպառնալիքը չեզոքացնելու համար այն արդարացված կլինի:


«Բոլորը սպասում են, որ դա անելու է ուրիշը: Եթե դուք չեք ուզում, ինչո՞ւ եք ուզում դա անի ուրիշը»,- ասաց նա և եզրափակեց, որ Սաֆարովը, որպես մարդ, արդեն սպանված է: