Դամասկոսի հարավում արյունալի մարտեր են ընթանում
Սիրիայի բանակը այսօր Դամասկոսի մերձակա շրջանները գրոհայիններից մաքրելու հատուկ գործողություն է իրականացնում, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:
Արյունալի մարտերի մասին լուրեր են ստացվում քաղաքի հարավային արվարձաններից` Թադամունից, Յարմուքից և Սիթ-Զեյնաբից, ինչպես նաև Լաջաթ և Նավի բնակավայրերից:
Հզոր պայթյունների և հրետակոծման ձայներ են լսվում Դեյր-Ասաֆիր և Վադի-Մաշարի շրջաններից:
«Օրիենթ տի-վի» հեռուստաալիքի տեղեկություններով, մեկ օրվա ընթացքում Դամասկոսի արվարձաններում զոհվածների թիվը հասել է 73-ի:
«Ալ-Վաթան» գործակալության փոխանցմամբ Արևելյան Գութա շրջանում իրադրութունը բարելավվել է և այդ շրջաններ են վերադառնում խախաղ բնակիչները:
Զուվվարա և Կակկակ շրջաններում անվտանգության ուժերը ընդդիմադիրների շարքերում ձերբակալություններ են իրականացնում:
Թավախինում, ըստ «Ալ-Ջազիրայի», ծանր տեխնիկայով քանդում են վարչակարգի դեմ հանդես եկողների տները:
Հալեպը վաղ առավոտից ուժգին հրետակոծման է ենթարկվում: Օդուժը հարվածներ է հասցրել Սեյֆ-էդ-Դավլյա, Բուստան-էլ-Բաշա և Իզաա թաղամասերում ամրացած ապստամբների դիրքերին:
«ՍԱՆԱ» գործակալությունը հաղորդել է, որ հատուկ ջոկատայինները Հալեպի մերձակա Ուրում քաղաքում 14 պատանդ են ազատ արձակել, այդ թվում կանանց և երեխաների, որոնց գերեվարել էին գրոհայինները:
Սիրիայի կառավարական ուժերի շտաբից աղբյուրը «Ֆրանս Փրես» գործակալությանը հաղորդել է, որ Հալեպի «վարձկաններից և ահաբեկիչներից» ազատագրման գործողությունը կավարտվի մոտակա 10 օրերի ընթացքում:
Իդլիբ մարզում սիրիացի սահմանապահները այսօր հետ են մղել Թուրքիայից Սիրիա ներխուժել փորձող վարձկանների խոշոր խմբավորման գրոհը:
Գրոհայինները փորձել են ներխուժել Խիրբեթ էլ Ջոուզ լեռնային շրջանով դեպի Ջիսիր-էշ-Շուգուր քաղաք, որը Լաթակիայից դեպի Հալեպ ռազկավարական կարևոր մայրուղու վրա է:










