Ամերիկացի հատուկ գործակալի մոտից Apple-ի 12 մլն օգտատերերի տվյալներ են գողացել
AntiSec հաքերական խումբը համացանցում Apple-ի սարքերի ավելի քան մեկ միլիոն բացառիկ նույնացուցիչներ (UDID) է տեղադրել, որոնք առևանգել է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյից, հայտնում է Вести-ն:
iPhone-ի և iPad-ի մասին տվյալները պահվում էին ՀԴԲ-ի աշխատակիցներից մեկի նոութբուքում: AntiSec –ը պնդում է, թե իրեն հաջողվել է ավելի քան 12 մլն UDID գողանալ, այդ թվում՝ օգտատերերի անուններ, հասցեներ և հեռախոսահամարներ:
UDID-ը թվանշանների եզակի հաջորդականություն է, որը շնորհվում է յուրաքանչյուր iOS սարքի: Նույնացուցիչը թույլ է տալիս ճանաչել ոչ միայն բուն սարքը, այլև նրա տիրոջը:
Հաքերները մանրամասն նկարագրել են, թե ինչպես են տվյալները վերցրել ավագ հատուկ գործակալի համակարգչից, սակայն դրանց որոշ մասը հրապարակել են առանց խիստ անձնական տվյալների:










